Աբխազիայում անցկացվում են վաղաժամ նախագահական ընտրություններ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Աբխազիայում անցկացվում են վաղաժամ նախագահական ընտրություններ: Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու` Ռաուլ Խաջիմբան, Ասլան Բժանիան, Միրաբ Քիշմարիան և Լեոնիդ Ձապշբան:
Աբխազիայի ԿԸՀ-ի տվյալների բազայում առկա է մոտ 130.000 ընտրող: Նախագահական նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 106.000 մարդ: Ակնկալվում է, որ այս անգամ ընտրողների թիվը կլինի ավելի փոքր, քանի որ Գալիի շրջանի մոտ 20.000 բնակիչ զրկվել է քվեարկելու իրավունքից` կապված նրա հետ, որ հանրապետության գլխավոր դատախազությունը խախտումներ է հայտնաբերել նրանց անձնագրեր հանձնելիս:
Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08.00-ին և փակվելու են ժամը 20.00-ին: Ակնկալվում է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 25-ի առավոտյան, իսկ վերջնական արդյունքները` քվեարկությանը հաջորդող երեք օրվա ընթացքում: Սակայն չի բացառվում, որ վերջնական արդյունքները նույնպես հրապարակվեն վաղը:
Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա կնշանակվի երկրորդ փուլ: Աբխազական ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան երեք անգամ մասնակցել է նախագահական ընտրությունների, սակայն չի կարողացել հաղթել:
Մայիսին ընդդիմության կողմնակիցների ելույթները հանգեցրին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականին: Ասլան Բժանիան համարվում է Անկվաբի համակիր: