Բաժիններ՝

Գողեր. Ովքե՞ր են նրանք. PrimeCrime

Ռուսաստանյան «Прайм Крайм» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել «օրենքով գողերի» մասին։ Ինչպես նշում են հեղինակները, «Прайм Крайм»-ի գոյության 8 տարիների ընթացքում իրենք առաջին անգամ են համարձակվում ներկայացնել սեփական տեսակետները՝ «օրենքով գողերի» և գողական աշխարհի մասին։ Նրանք համոզված են, որ ընթերցողների 99.9%-ը իրենց համար նոր բաներ կբացահայտեն գողական աշխարհի մասին՝ կարդալով այս նյութը։

Եվս մեկ նկատառում։ Հեղինակները նշում են, որ հոդվածում «օրենքով գող» արտահայտության փոխարեն օգտագործում են պարզապես «Գող» բառը, ինչպես ընդունված է այդ աշխարհում։ Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը՝ չնչին կրճատումներով։
* * *

Իրականում ի՞նչ գիտեք դուք Գողերի մասին։ Թերևս շատ քիչ բան (թեպետ չենք պնդում, որ մենք դրանում միանգամայն ճիշտ ենք)։ Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում այս երևույթին. մարդկանց մի մասին այս երևույթը վախեցնում է։ Մյուսներին «գող» բառն ինքնին անարժանապատիվ է թվում։ Մեծամասնության կարծիքով, լավ մարդուն այդպես չես անվանի։

Իրականության մեջ, Գողերը մեկ թերություն ունեն՝ PR-ը։ Բոլոր բառերից Գողերն ընտրել են ամենաբացասական երանգ ունեցողներից մեկը, թեպետ այն մեծ մասամբ արտացոլում է իրենց էությունը։ Սակայն Գողին և գողին նույնացնելը մոլորություն է, որը հատուկ է ամենից օրինապաշտ քաղաքացիների խավին։ Հենց նրանց համար էլ պարզաբանենք, որ հանցագործ աշխարհում, եթե ինչ-որ մեկի համար ասում են, որ նա Գող է, ապա նկատի ունեն ոչ թե մասնագիտությունը, այլ կոչումը, որը տրվում է քիչ թվով ընտրյալների։ Ինչպես ասում էր Գող Սևերը. «Եթե վաղը մենք կոչվենք ոչ թե Գողեր, այլ Հայրեր, մեր բնույթը դրանից չի փոխվի»։ Սակայն ընկալումը լիովին տարբար կլինի։ Ի դեպ, ճշմարտությունն է, որ ամեն գողացողը Գող չէ, սակայն ամեն Գող պետք է գողանա։

Իհարկե, գողությունը մեղք է։ Սակայն գողությունների մեջ էլ տարբերություններ կան։ Մեր շուրջը ամեն օր կատարվում են գողություններ՝ ելնելով նախանձից, ագահությունից, եսասիրությունից կամ հպարտությունից։ Իսկ Գողերի մոտիվները այլ են։ Գողությունը նրանց համար պարզապես ապրուստի միակ աղբյուրն է։ Գողն իրավունք չունի խլել կամ խաբել։ Նա կարող է միայն գողանալ։ Սա անխախտելի կանոն է։ Թեպետ դժվար է պատկերացնել, սակայն Աստծո 10 պատվիրաններից այս մարդիկ խախտում են միայն մեկը. մյուսներին սրբորեն հետևում են։ Ընդ որում, չեն գողանում աղքատներից և չեն գողանում մարդու ունեցած վերջին բանը։ Գողանում են թաքուն՝ խուսափելով բռնությունից և առավելևս՝ արյունահեղությունից։ Ինչ էլ որ գողանում են, հավասար բաժանում են իրար մեջ։ Գողությունը Գողի համար երբեք հարստանալու աղբյուր չի եղել։ Այն եղել է կենսակերպ, որը ոչ մի կերպ չի նպաստում կուտակելուն։ Կենցաղում Գողերը միշտ աչքի են ընկել չափավորությամբ և ճոխության հանդեպ արհամարհանքով։ Գողանալը դադարեցրել են միայն անկարողության կամ մահվան պատճառով։

Այո, Գողերի բնույթը հանցավոր է։ Սակայն դժվար է գտնել մարդու, որը մեղք չի գործել։ Ադամի և Եվայի ժամանակներից սկսած՝ մարդը խախտում է արգելքները։ Պատմության ընթացքում բանտերը երբեք դատարկ չեն եղել։ Այնտեղ հայտնվել են տարբեր մարդիկ, որոնց կատարած հանցագործությունները տարբեր կերպ են մեկնաբանվել։ Դրանից կախված՝ այդ մարդկանց կամ համարել են սրբեր, կամ չարագործներ։ Եթե դուք թեկուզ մեկ անգամ ուրիշի ծառից առանց թույլտվության միրգ եք քաղել, ապա դա էլ է մեղք։

Գաղափարը, որը մարմնավորում են Գողերը, հանճարեղ է՝ իր պարզության մեջ, դրա համար էլ հեշտությամբ գրավում է այն մարդկանց, ովքեր առիթ են ունենում դրան ծանոթանալ։ Ի տարբերություն այլ գաղափարախոսությունների՝ այն դոգմաներ չի պարունակում և չի քարոզում կուրորեն հավատալ ամեն կեղծ բանի։ Այն գրավոր շարադրված չէ, սակայն ի տարբերություն տարբեր կրոնական տեքստերի՝ տարընթերցումները բացառում է։ Յուրաքանչյուր Գող՝ իր խոսքերով և կատարած քայլերով, այդ գաղափարախոսության կենդանի մարմնացումն է։

Իր գոյության ամբողջ ժամանակահատվածում խորհրդային իշխանությունը պայքարել է գողական գաղափարախոսության դեմ և հետապնդել դրա հետևորդներին։ Գողերին  պահում էին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների համար նախատեսված հատուկ զոնաներում և մյուս դատապարտյալներին ամեն կերպ հեռու պահում նրանց ազդեցությունից։ Անգամ բազմիցս և երկար ժամանակով դատապարտված մարդկանցից շատերը կարող էին ամբողջ կյանքի ընթացքում որևէ Գողի տեսած չլինել։ Սակայն չնայած այս բոլոր ջանքերին՝ռուսաստանյան (և նախկին ԽՍՀՄ երկրներից շատերի) բանտերը ապրում են հենց գողական օրենքներով։ Ընդ որում, չափազանցություն չի լինի ասել՝ արդար օրենքներով։ Բանտում նույնպես չի կարելի անել այն բաները, որոնք արգելված են նաև ազատության մեջ։ Տարբերությունն այն է, որ եթե ազատության մեջ ոմանք կարող են «մարսել» իրենց սխալը, ապա բանտում ոչինչ անպատիժ չի մնում։ Բանտային կյանքը դաժան է, սակայն ավելի արդար. ոմեն ոք ստանում է այն, ինչ վաստակել է։

Խորհրդային ժամանակներում Գողերը խիստ բանտային երևույթներ էին, և նրանց ամբողջ կյանքն անցնում էր ճաղերից այն կողմ։ Այլ կերպ ասած, Գողը բանտում էր ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ցանկանում հայտնի ֆիլմի հերոս Ժեգլովը, այլ որովհետև բանտը նրա տունն էր։ 1980-ականների կեսերին առանց ընդհատման 30 և ավելի տարիներ բանտում անցկացնելը սովորական երևույթ էր Գողերի համար։ Ազատության մեջ երկար ժամանակ գտնվելը Գողի համար անիմաստ էր և անգամ համարվում էր գողական վարքագծին հակասող արարք։ Ազատության մեջ Գողը պետք է քոչվորի կյանք վարեր, թափառել։ Եթե երկար ժամանակ մնար նույն վայրում, ապա նրան կարող էին կասկածել միլիցիայի հետ կապ ունենալու մեջ։

Հանցագործ աշխարհում Գողերի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ. միակ սահմանափակումը նրանց իսկ կյանքի ձևն է։ Գողական վարքագծի ամենախիստ նորմերը բխում են գլխավոր սկզբունքից՝ Չհամագործակցել իշխանության հետ։ Գողերին արգելված էր ցանկացած տիպի շփում ունենալ իշխանության ներկայացուցիչների հետ՝ ինչպես ազատության մեջ, այնպես էլ բանտում։ Ու քանի որ խորհրդային տարիներին ամեն ինչ պատկանում էր պետությանը, Գողն իրավունք չուներ աշխատել, ծառայել բանակում և հանդիսանալ հասարակական կազմակերպության անդամ։ Արգելքը տարածվում էր անգամ թերթ կարդալու և ազգային հավաքականին երկրպագելու վրա։ Նույն պատճառներով՝ Գողն իրավունք չուներ օրինական ոչինչ ունենալ՝ ընտանիք, սեփականություն, բնակության վայր։ Գողին նաև արգելված էր ընդունել սեփական մեղքը, ցուցմունք տալ կամ հանդես գալ դատարանում՝ որպես վկա։ Իշխանության հանդեպ մշտական բողոքը գողական գաղափարախոսության անկյունաքարն է։

Այս բազմաթիվ «չի կարելիները» Գողերի համար փոխհատուցվում է միայն մեկ «կարելի է»-ով՝ որոշել մարդկանց ճակատագրերը։ Սակայն այդ իրավունքը, որը հանցագործ աշխարհում վերապահված է միայն նրանց, ավելի շուտ ծանր խաչ է հիշեցնում։ Նշանակված և կուսակցության գծից կախված մարդկանց ֆոնին Գողերին կարելի էր համարել այլընտրանքային արդարադատություն իրականացնողներ։ Գողի գլխավոր գործառույթն է՝ ցանկացած համակարտության անաչառ լուծում։ Գողն ինքնուրույն է որոշումներ կայացնում և դրանցից յուրաքանչյուրի ճմարտացիության համար անձամբ է պատասխանատու։ Ոչ ոք իրավունք չունի Գողին ասել՝ ինչպես վարվել։ Գողի խոսքը համարվում է վերջին ատյանի ճշմարտություն։ Նրա որոշումը քննարկման ենթակա չէ, և ոչ ոք, անգամ մեկ այլ Գող, չի կարող այն չեղյալ համարել։

Այս իրավունքը ստանալու համար Գողը մանուկ հասակից չպետք է իրեն վարկաբեկած լինի անգամ փոքր սխալով՝ ստով, ստորությամբ, վախկոտությամբ, դավաճանությամբ կամ սեփական խոսքին տեր չկանգնելու դեպքերով։ Գողն իրավունք չունի անտարբեր գնտվել ուրիշի դժբախտության կամ անարդարության դրսևորման նկատմամբ, եթե անգամ դա սպառնում է իր կյանքին։ Արդարության հաղթանակի և այլոց իրավունքները պաշտպանելու համար սեփական կյանքը զոհելու պատրաստակամությունը Գողերին պարուրել է մարտիրոսներին հատուկ փառքով։

Զանգվային հերոսության և անձնազոհության դրսևորումները թափ առան հատկապես 1950-ականներին։ Դա Գողերի համար ամենադժվարին ժամանակներն էին, երբ իշխանությունները ստիպում էին նրանց հրաժարվել իրենց գաղափարներից։ Գողերը նախընտրում էին մահը, քան անպատվությունը։ Ու քանի որ հնագույն ժամանակներից սկսած շատ քչերն են պատրաստ մեռնել իրենց գաղափարների համար, Գողերի հանդեպ կիրառվող հալածանքները է՛լ ավելի մեծացրին նրանց հերոսականության մասին ընկալումները հասարակության մեջ։

Այն, ինչ միավորում է Գողերին և նրանց տարբերում հասարակ մարդկանցից, ուժեղ ոգին է։ Այն ամեն ինչի հիմքն է։ Դրանից են բխում և՛ արդարության սուր զգացումը, և՛ ազնվությունը, և՛ անկախությունն ու քաջությունը, և՛ բարոյական մաքրությունն ու առաքինությունը։ Այս մարդիկ չեն կարող շարքով քայլել և կատարել այլոց հրամանները։ Նրանց հնարավոր չէ գնել, ենթարկեցնել կամ վախեցնել։ Կարծում ենք կհամաձայնեք, որ նման որակներով ավելի շուտ կհայտնվես բանտում, քան կարժանանաս մեծամասնության բարեհաճությանը։

Որտեղ էլ լինի, եթե դու որևէ մեկին չես հետևում, վաղ թե ուշ կսկսեն քեզ հետևել։ Գողերը երբեք չեն ձգտել իշխանության, նրանց համար բավական է, որ որևէ մեկը իրենց վրա իշխանություն չունենա։ Շատերը՝ Գողերի մեջ տեսնելով պաշտպանություն և արդարություն, իրենք են ձգտել մոտենալ։ Գողերն իրենց օրինակով դատապարտյալներին ցույց են տվել, որ որքան էլ դժվար լինի, հնարավոր է ապրել անազատության մեջ և չկորցնել մարդկային դեմքը։

Գողական աշխարհում մարդկանց չեն բաժանում՝ ըստ ազգության կամ կրոնական պատկանելության։ Բանտում կան կաստաներ, և միակ չափանիշը մաքրությունն է։ Որքան մաքուր ես, այնքան բարձր է քո կարգավիճակը, որովհետև չի կարող ուրիշների վրա իշխանություն ունենալ մեկը, ում մտքերը և արարքները մաքուր չեն։

Ազատության մեջ յուրաքանչյուրն իրեն մարդ է համարում, սակայն բանտում մարդ կոչվելու իրավունքը պետք է վաստակել և արժանի լինել դրան։ Գողական կոչումը ցմահ չի տրվում։ Եթե «պատահական» ինչ-որ մեկն է Գող ճանաչվել, ապա դա երկար չի կարող տևել։ Գողերը մշտապես մաքրում են իրենց շարքերը։ Գողական վարքագծից առաջին իսկ շեղումը կհանգեցնի տիտղոսի կորստին։ Դա արվում է, որպեսզի ոչ մի անարժան քայլ ստվեր չգցի ամբողջ եղբայրության վրա։

Եվ այսպես, ո՞ւմ է պատկանում գողական գաղափարախոսության հեղինակային իրավունքը։ Այս հարցում միասնական կարծիք չկա։ Պամաբանները համակարծիք են միայն նրանում, որ գողական գաղափարախոսությունը առաջացել է խորհրդային իշխանության առաջին տարիներին, իսկ քրեագետները խոստովանում են, որ աշխարհի ոչ մի ուրիշ երկրում կազմակերպված չի այսպիսի սկզբունքների հիման վրա։ Գողերի առաջացման ամենաշրջանառվող տարբերակներից են՝ ՆԿՎԴ-ի դերակատարությունը, ցարական հանցագործները և անօթևանները։ Սակայն այս տարբերակներից և ոչ մեկը չի պատասխանում այն հարցին, թե գոյության խնդիր ունեցող հանցագործները կամ թափառաշրջիկները ինչո՞ւ պետք է իրենք իրենց համար նման խիստ սահմանափակումներ դնեին։

Իրականում, բոլոր այս տարբերակների հակափաստարկը հենց ինքը՝ գողական գաղափարախոսությունն է։ Ակնհայտ է, որ դրա հեղինակ կարող էին լինել միայն կրթված, շրջակա աշխարհի մասին հարուստ գիտելիքներ ունեցող մարդիկ։ Գողական գաղափարախոսությունը խորը հոգևոր ենթատեքստ ունի և պարունակում է գաղտնի ընկերակցությանը կամ աղանդին բնորոշ ատրիբուտներ։ Գողական եղբայրությունն այս առումով ամենից շատ նման է մասոնականությանը, որի բոլոր անդամները հավասար են՝ անկախ տարիքից և ստաժից։ Մտնելով գողական աշխարհ ՝ մարդիկ երդում են տալիս և միմյանց դիմում այնպես, ինչպես ընդունված է մասոնականության մեջ՝ Եղբայր։

Մեր դիտարկումները ամբողջությամբ տեղավորվում են Գողերի առաջացման «առաքինի» տարբերակի շրջանակներում, որը շարադրել է գրող Էդուարդ Միխայլովը։ Համաձայն այդ տարբերակի՝ ժամանակակից գողական գաղափարախոսության հիմնադիրները բարոն Վրանգելի՝ նախկին սպիտակ սպաներն են, որոնց քաղաքացիական պատերազմի ավարտից հետո թույլ տվեցին երկիր վերադառնալ։ Նրանք, ովքեր չէին ընդունում նոր կարգերը, գոյությունը շարունակելու միայն մեկ միջոց ունեին՝ անցնել կրիմինալ ընդհատակ։ Բնականաբար, ճակամարտերում կոփված, խարիզմատիկ և հրամայելուն սովոր այս մարդիկ չէին կարող առանձին-առանձին լուծվել հին քրեականների շարքերում։ Փոխարենը՝ նրանք միասին գլխավորեցին հանցագործ աշխարհը՝ դրա հիմքում դնելով առաքինության և պատվի մասին իրենց սեփական պատկերացումները։

Իհարկե, իշխանությունների համար ավելի ձեռնտու էր Գողերին ներկայացնել որպես Լուբյանկայի ծնունդ, քան որպես ռուսական ազնվականության ավանդույթների հոգևոր ժառանգորդներ։

Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեր կողմից նկարագրվող իդեալական Գողի կերպարը այդքան տարվում է նրանից, ում մասին մենք այսօր լսում ենք։ Ինչո՞ւ ներկայիս գողերը ոչ թե գողանում, այլ «տանիք» են կանգնում թմրամիջոցների առևտրին։ Ինչո՞ւ է հնարավոր դարձել պարզապես գնել Գողի կոչումը, կորցնել, հետո նորից գնել։ Ինչո՞ւ նախկինում բոլորը միահամուռ ներդնում էին այն մարդկանց համար, ովքեր իրոք դրա կարիքն ունեին, իսկ այսօր ստիպողաբար հավաքում են առանձին ինչ-որ մեկի համար, ով առանց այդ էլ վատ չի ապրում։

Պարզաբանելուց առաջ փորձենք պատասխանել հաճախ հնչող մի հարցի՝ ինչո՞ւ Գողերի մեջ այդքան շատ վրացիներ կան։

Ի սկզբանե, Գողերի մեջ մեծամասնություն կազմել են ազգությամբ ռուսները։ Վրացիների տեսակարար կշիռն ավելի մեծ չի եղել, քան մյուս ազգություններինը։ Գողական պատմությունը գրվել է ռուսական Հյուսիսիում, Ուրալում և Հեռավոր Արևելքում։ Կովկասցիները, 1961թ. Խրուշչովյան ռեֆորմներից հետո հայտնվելով այդ վայրերում, արդարացված կերպով մտան նրանց շարքերն ու իրենց անունները գրեցին այդ պատմության էջերում։

Հետո երկար ժամանակով ուժի մեջ մտավ մի նոր կանոն՝ որտեղ ապրում ես, այնտեղ էլ նստում ես։ Վրացի գողերը այդ առումով բավականին բարենպաստ պայմաններում հայտնվեցին. մերձևարդարձային գոտին շատ ավելի նախընտրելի է, քան մշտական սառնամանիքը։

Վրաստանը, որպես «ժողովուրդների առաջնորդի» բնօրրան, այլ հանրապետությունների համեմատ միշտ գտնվել է արտոնյալ վիճակում։ Երբ ամբողջ Խորհրդային Միության տարածքում քչերն էին անգամ կասկածում Գողերի գոյության մասին, գողական գաղափարախոսությունը ներթափանցեց վրացական հասարակության բոլոր շերտերը՝ սկսած դպրոցի առաջին դասարաններից։ Վրաստանում 1950-ններից սկսած, գողական գաղափարախոսությունը գեղեցիկ հեքիաթ դարձավ բոլոր այն մարդկանց համար, ովքեր չէին ցանկանում աշխատել։ Դրանից ելնելով՝ թիվ 1 հրամայականը դարձավ «օբշակը» (գողական բյուջեն)։ Տեղական վրացի Գողերի մոտ ոչինչ այնպես լավ չէր ստացվում, ինչպես այն լցնելը։

Եթե Ռուսաստանում «օբշակը» խիստ ներքին հասկացություն էր, ապա Վրաստանում Գողերը տուրքերի տակ էին մտցնում բոլոր նրանց, ով վաստակում էր անարդար ճանապարհով կամ պետությունից թաքցնում էր եկամուտները։ Իսկ երբ վրացի Գողերը անցան արդեն շուկայի վաճառողներին, Ռուսաստանում սկսեցին նրանց արհամարհանքով անվանել «լավրուշնիկներ»։

Եթե Ռուսաստանում գողերը լուծում էին միայն հանցագործների միջև ծագած կոնֆլիկտները՝ առանց անձնական շահ հետապնդելու, ապա Վրաստանում ընդհատակյա շուկայի գործարարների արբիտրաժը դարձել էր եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Եվ որքան սերտանում էր գործարարների և Գողերի միջև շփումը, այնքան ավելի դժվար էր լինում տարբերակել սահմանը, որը նրանց բաժանում էր։ Ժամանակի հետ Գողերը սկսեցին չխորշել կոմերցիայից։ Իսկ կոմերսանտները, որոնք լցնում էին գողական բյուջեն, իրենց իրավունք էին վերապահում հայտարարել, որ գողականի համար ավելի շատ բան են արել, քան ցանկացած հանցագործ։

Երբ Վրաստանում սկսեց ծաղկել ստվերային տնտեսությունը, դրանից ստացվող եկամուտները սկսեցին գետի պես հոսել գողական գանձարան։ Երբ շուրջը բոլորը հարստանում էին, վրացի Գողերը արդեն ամոթալի էին համարում աղքատ լինելը։ Դրա համար էլ սկսեցին ուշադրություն չդարձնել, թե որտեղից են գալիս փողերը։ Գողական դասական օրենքների պահպանումը նման պայմաններում բավականին դժվար էր։ Այն, ինչ Ռուսաստանում Գողերի համար անընդունելի էր, Վրաստանում դարձավ նորմ։

Սկզբում՝ մշտական եկամտի առկայության հետ միաժամանակ, վերացավ անձամբ հանցագործություն կատարելու անհրաժեշտությունը։ Դրա հետ միասին վերացավ նաև բանտ նստելու անհրաժեշտությունը։ Գողերը հիմնավորվեցին սեփական տներում, ընտանիքներ կազմեցին, և երկնայինի փոխարեն սկսեցին երկրային հարստություն դիզել։

Իսկ գողական թագը, որը նյութական բարեկեցություն էր երաշխավորում, սկսեց ժառանգվել հորից որդուն և անգամ դարձավ առուծախի առարկա։ Միայնակ և ոչինչ չունեցող հին Գողերին փոխարինելու եկան նախկինում չդատապարտվածները, որոնք կապված էին բարեկամական կապերով և ընդհանուր եկամտի աղբյուրներով։ Կան օրինակներ, երբ Ռուսաստանում ազատազրկված վրացի Գողերը, վերադառնելով հայրենիք, ինքնակամ վայր են դրել իրենց իրավունքները՝ չցանկանալով ընդհանուր ոչինչ ունենալ նոր սերնդի Գողերի հետ։

Վրացի Գողերի «էլիտարության» ևս մեկ ատրիբուտ դարձավ օփիումը։ 70-ականներին վրացական բանտերը և զոնաները լիքն էին օգտագործելու համար պատրաստ թմրանյութերի սրվակներով։ 1950-ականների սերնդի վրացի Գողերից սկսած՝ մինչ օրս գրեթե բոլորը կախվածություն ունեն թմրամիջոցներից։

Որքան վրացի Գողերը հեռանում էին հին ավանդույթներից, այնքան խոցելի էին դառնում իշխանությունների համար։

Խորհրդային ժամանակներում իշխանությունները Գողերի դեմ միշտ ճակատային և ուղիղ պայքար են մղել։ Երբ դեռ քչերը գիտեին իրավապաշտպանների գոյության մասին, Գողերի համար ստեղծում էին անմարդկային պայմաններ, տանջում, փորձում կոտրել։ Այդ ամենը արվում էր մեկ նպատակով. որպեսզի գողը հրաժարվի իր սկզբունքներից։ Կոտրված գողերին, որոնք մատնում էին իրենց ընկերներին և ծախվում, իշխանությունները մեծ հաճույքով ծառայության էին վերցնում, քանի որ իմանալով այդ աշխարհը ներսից, նրանք կարող էին մեծապես օգտակար լինել այն քայքայելու գործում։ Այս մեթոդների արդյունքում Գողերի թիվը երբեմն կտրուկ նվազում էր՝ հասնելով մի քանի տասնյակի։ Սակայն վերացնել բոլորին՝ երբեք չի հաջողվել։ Նրանք ովքեր դիմանում էին, դառնում էին կենդանի լեգենդներ, և արդյունքում Գողերի հեղինակությունն ավելի էր մեծանում։

Իրավիճակը փոխվեց 1970-ականների սկզբներին, երբ Գողերով սկսեց զբաղվել ՊԱԿ-ը (КГБ)։ Կա տեսակետ, որ «պերեստրոյկայի» անդրօվկիանոսյան ճարտարապետները գիտակցում էին՝ ովքեր են Գողերը և ինչ ուժ ունի նրանց եղբայրությունը։ Նրանք հասկանում էին, որ ի տարբերություն խորհրդային շարքային քաղաքացիների մեծամասնության, նրանք երբեք չեն դավաճանի իրենց սկզբունքներին՝ մեկ շիշ կոկա-կոլայի կամ ջինսի համար։

Բրիլիանտի խոսքերով, հայտնի դիսիդենտ Բուկովսկին, ով Վլադիմիրյան ցենտրալ բանտում իր հետ միասին էր կրում պատիժը, դեռ այն ժամանակ փորձում էր Գողերին ներքաշել «քաղաքական պայքարի» մեջ՝ խորհրդային կարգերը տապալելու նպատակով, սակայն կատեգորիկ մերժում էր ստացել։

Այդ առաքելությունը դրվեց КГБ-ի վրա՝ մի կազմակերպության, որը պատասխանատու էր պետության անվտանգության համար և առանց որի ներսում դավաճանության՝ անհնար կլիներ քանդել Խորհրդային Միությունը։ Ով գիտի, միգուցե հենց ազգային պատկանելությունը  հաշվի չառնող գողական գաղափարախոսությունն էր իրականում պահում «ժողովուրդների բարեկամության» լեգենդը, և հենց դրա քայքայմամբ փլուզվեց ամբողջ տնակը։

Անդրոպովի գլխավորությամբ, ով հայտնի էր իր լիբերալ-ատլանտյան հայացքներով և ով իշխանության բերեց Գորբաչովին, КГБ-ն առաջին անգամ «մշակման» վերցրեց Գողերին։ Այն, ինչ չհաջողվեց միլիցիային, КГБ-ն սկսեց իրականացնել՝ իրեն հատուկ մեթոդներով։ Առանց ոչնչացնելու և հեղինակազրկելու գողական գաղափարախոսությունը՝ КГБ-ականները սկսեցին գաղափարախոսների վերնախավը փոխելու հատուկ օպերացիա։

КГБ-ի աշխատակիցները սկսեցին հանդիպել ամենաազդեցիկ Գողերին՝ նրանց հավաքագրելու նպատակով։ Իսկ տների, ընտանիքների ու կապիտալի տեր Գողերի հետ լեզու գտնելն ավելի հեշտ էր, քան նրանց հետ, որոնց միակ հարստությունը ազնիվ անունն էր։

80-ականները դարձան հուդաների ժամանակները։ Սակայն դավաճանները ոչ թե կախվում էին, այլ իրենց 30 արծաթը ներդնում էին հետագա աճի մեջ։ Դա նշանակում է, որ КГБ-ի հետ համագործակցողները ոչ թե հայտնվում էին բարիկադների հակառակ կողմում, այլ շարունակում էին կոչվել Գողեր։ Ազնիվ գողերին ճնշելու ավելի պիղծ մեթոդ դժվար էր պատկերացնել։ Այն բանից հետո, երբ իշխանության կողմից հովանավորվողները յուրացրեցին Գողի անունը, տարեց և չխոսկան հեղինակությունների հարցերը արդեն լուծված էին։ Գորբաչովի իշխանության գալուց ընդամենը 1 ամիս անց բանտում դաժանաբար սպանվեց քրեական աշխարհի լեգեիդներից մեկը՝ Բրիլիանտը։

Թեպետ դա արդեն այլ պատմություն է, որը ձեզ շուտով կներկայացնենք փաստագրական ֆիլմի ժանրում։

(լուսանկարում՝ Դաթո Փանջվիձե, Սուրենիչ, Սուլխան, Գիժուա, Էդիշեր, Վաթո Չոչիա, Վազո, Թիմուր Սկլինտա, Կարո, Թենգիզ Կուչուբերիա, Գիյա Խմելո, Չերմեն, Վասո, Վալերա Թբիլիսսկի, Սումբատ, Նոնո, Կոկա, Աբուլիկ, Լևան, Նոդար Շոշիա)

Ըստ PrimeCrime.ru

Թարգմանությունը՝ 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս