«Մարդը չի ծնվել կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար». Արմեն Պողոսյան
«Սեպտեմբերի 1-ին պատրաստվում են թե՛ երեխաները, թե՛ ծնողները, բայց միաժամանակ կանգնում են նյութական լուրջ խնդիրների առջև: Ամեն տարին մեկ՝ այս ուղտը չոքում է մեր դռանը: Մեզ մոտ վաճառվող ապրանքն ամենևին էլ թանկ չէ, եթե համեմատենք ցանկացած այլ երկրի հետ, պարզապես վճարունակության խնդիր կա: Եվրոպական կամ քաղաքակիրթ աշխարհում եթե ընտանիքում եկամուտների 25%-ը կամ ավելին ծախսվում է սննդի վրա, դա համարվում է աղքատության ծայրահեղ շեմ, և այդ ընտանիքների համար սկսում են գործել տարբեր սոցիալական ծրագրեր: Մեզ մոտ եղած այս խնդիրներին լուծում տալու մասին ես չէ, որ պիտի մտածեմ, դրա համար կա Կառավարություն և Էկոնոմիկայի նախարարություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եթե խնդիրը չդիտարկենք զուտ նյութական տեսանկյունից, ապա պետք է հաշվի առնենք, որ մարդն ապրում է նաև հոգևոր կյանքով, և այդ խնդիրն էլ ուղիղ կապ ունի քննարկվող հարցի հետ. «Մարդը չի ծնվել կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար: Երեխան բա չկարողանա՞ հաճախել թատրոն, կինո և այլն: Մեր նախկին քաղաքապետներից մեկն ընդունեց որոշում, որ բոլոր դպրոցականները պետք է հաճախեն օպերա, թատրոն ֆիլհարմոնիա՝ տարին 12 անգամ: Հիմա մեր ավագանին և քաղաքապետարանը մոռացել են սա, ասում են՝ փող չկա: Այդ ինչպե՞ս եղավ, որ քաղաքը նույնն է, ավագանին նույնն է, բոլորը մեծ մասամբ արվեստի մարդիկ են, քաղաքի բյուջեն ու բյուջեի աղբյուրներն էլ նույնն են, բայց այն ժամանակ կար, հիմա չկա: Եթե երեխան թատրոն չգնա կամ ֆիլհարմոնիայում երաժշտություն չլսի, էլ ինչի՞ մասին է խոսքը»:
Անդրադառնալով հարցին, թե Լարսի ավտոճանապարհի փակ լինելն ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա, Արմեն Պողոսյանն ասաց՝ միանշանակ կազդի գնաճի վրա. «Ե՛վ ապրանքը, և՛ գազը, և՛ նույնիսկ ինտերնետը… բնականաբար բացասականորեն կազդի մեր տնտեսության վրա: Ուզում եմ նշել նաև, որ Վրաստանը մեզ պարտք է 25 մլն դոլար հոսանքի համար և մոռացել են դրա մասին, այսինքն՝ հետաձգել են այդ պարտքի մարումը 2025 թվականին, երբ դրանով մեկ լուցկի կկարողանանք գնել: Մեզ համար դա այժմ մեծ գումար էր»:
Այն, որ այժմ կտրուկ բարձրանում են ապրանքների գները, Արմեն Պողոսյանի խոսքով՝ պատճառն ագահությունն է, հեռատես չլինելը, մարկետինգի սկզբունքներին չտիրապետելը. «Եթե մարդը հաշվարկի իր ապրանքի վաճառքի տեմպը, ապա պատրաստ կլինի այս բարձրացումներին: Դա էլ է գիտություն, որին չենք տիրապետում»: