ՀԱՄԱՍ-ը խոստովանել է, որ առևանգել է իսրայելցի դեռահասներին
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իսրայելցի երեք դեռահասի առևանգումը, ինչը հանգեցրեց ներկայիս հակամարտության սրմանը, չի համաձայնեցվել կազմակերպության ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ Արուրին:
Նա հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալներն իսկապես առևանգել են իսրայելցի դպրոցականներին, սակայն նրանք այդ մասին տեղյակ չեն պահել իրենց հրամանատարությանը:
Միայն հետո է պարզվել, որ առևանգողները հանդիսանում են խմբավորման անդամներ: Արուրին ընդգծել է, որ այդ գործողությունը համաձայնեցված չի եղել որևէ մեկի հետ:
Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտությունը նոր թափով սրվեց այն բանից հետո, ինչ հունիսի 12-ին հայտնի դարձավ հրեական հոգևոր դպրոցի երեք աշակերտների անհետացման մասին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռահասների առևանգման համար մեղադրեց ՀԱՄԱՍ-ին: Հուլիսի 1-ին նրանց դիակները հայտնաբերվեց Հորդանան գետի Արևմտյան ափին:
Արդեն հուլիսի 7-ին Իսրայելը Գազայի հատվածի դեմ սկսեց «Անխախտ ժայռ» գործողությունը, որի ժամանակ Գազայի հատվածում արդեն իսկ զոհվել է ավելի քան 2000 մարդ: Բացի այդ, զոհվել է մոտ 70 իսրայելցի: