Ռասմուսենը դատապարտել է ռուսական հումանիտար օգնության մուտքն Ուկրաինա
Lenta.ru-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է Ուկրաինայի տարածք ռուսական հումանիտար օգնության մուտքը: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի կայքում տեղ գտած հայտարարությունում.
«Ես դատապարտում եմ ռուսական այսպես կոչված հումանիտար ավտոշարասյան մուտքն Ուկրաինայի տարածք` առանց ուկրաինական իշխանությունների թույլտվության և առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության»:
Բացի այդ, Ռասմուսենը կասկածի տակ է դրել, որ բեռնատարները հումանիտար օգնություն են տեղափոխում Դոնբասի բնակիչների համար: Ռասմուսենը չի բացառել, որ բեռնատարները զենք են տեղափոխում անջատողականների համար:
Նա հերթական անգամ ռուսական կողմին մեղադրել է ուկրաինական հակամարտություն հրահրելու մեջ և տարածաշրջանում տիրող իրավիճակի պատասխանատվությունը դրել է նրա վրա: Ռասմուսենը կարծում է, որ Մոսկվայի քաղաքականությունը կարող է հանգեցնել միայն Ռուսաստանի հետագա մեկուսացմանը: