Ազոխի քարանձավ պեղումներ. մասնագետները ցավում են, որ Արցախի ԲՈՒՀ-երից ուսանող չկա

Այս տարվա հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում շարունակվեցին հնեաբանական պեղումները, արշավախմբի ղեկավար Լ. Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Հարկ է նկատել, որ Ազոխն այսօր ոչ միայն հայ այլեւ օտարերկրացի մի շարք մասնագետների հետաքրքրության ծիրում է հայտնվել: Աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցում են 12 երկիր, 25 համալսարան եւ 46 մասնագետ:

2014 թվականին իրականացված ուսումնաիրման աշխատանքների մասին karabakh-open.info-ն զրուցել է արշավախմբի ղեկավար Լ. Եպիսկոպոսյանի հետ.

-Պարոն Եպիսկոպոսյան անընդհատ խոսում ենք արդյունքների մասին, մի քանի խոսք տարբերությունների մասին, ինչո՞վ է 2014 թվականը տարբերվում 2013-ից:

– Այս տարվա տարբերություններն անշուշտ մեծ էին, նախ սկսենք զուտ կենցաղայինից, ասեմ, որ այս տարվա աշխատանքները մենք սկսել ենք իջեւանելով, այսպես ասած, մեր սեփական տանը /արշավախումբը Ազոխ գյուղում տուն է ձեռք բերել/, որտեղ տարվա ընթացքում վերանորոգումներ ենք իրականացրել, այն հարմարեցրել հիգենիկ կարիքների պահանջներին:

Երկրորդ կարեւոր կետը, որ կուզենայի ուշադրության արժանացնել, դա արշավախմբի անդամների թվաքանակն էր: Այս տարվա աշխատանքներին մասնակցել են 17 մասնագետ միայն արտասահմանից` 6 երկրներից, ուսանողներ երեւանյան տարբեր ԲՈՒՀ-երից եւ պետք է ցավով նշեմ, որ ոչ մի ուսանող Արցախից:

Այս տարի մենք հնարավորություն ունեցանք բավականին լուրջ ու պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ պեղման աշխատանքներ իրականացնել, պեղման հարթակն էր մեծ, աշխատանքներն էլ բնականաբար արդյունավետ: Ազոխի հետ կապված աշխատանքները չեն սահմանափակվում միայն քարանձավում իրականացվող աշխատանքներով: Տարվա ընթացքում մասնակից մասնագետները ելույթներով հանդես են եկել տարբեր գիտաժողովներում՝ Իսպանիայում, Վրաստանում, Իռլանդիայում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեծ ուշադրության են արժանացել մեր աշխատանքները ու համագործակցության բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել: Ազոխի քարանձավի մասին խոսում են ոչ միայն մասնակիցները, այլեւ այն 25 համալսարանները, որոնք ուղղակիորեն ներգրավված են նմուշների ուսումնասիրության գործում: Ունենք նաեւ մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել նյութերի ուսումնասիրմանը: Պատրաստվում ենք Ազոխի քարանձավի ու կատարված աշխատանքների մասին գիրք հրատարակել, առայժմ անգլերեն լեզվով: 2015 թվականին ԱՄՆ-ում նախատեսվում է հնեամարդաբանությանը նվիրված բարձր մակարդակի սիմպոզիում կազմակերպել, որից հետո քննարկվելու են տարբեր երկրներում իրականացված աշխատանքների կարեւորագույն արդյունքները: Մենք նույնպես հրավիրված ենք այդ միջոցառմանը:

– Մի քանի խոսք այս տարվա գտածոների մասին:

– Այս տարի փաստվել են շուրջ 3700 գտածո, որոնք դասակարգվում են եռաչափ պատկերի մեջ, կկատարվեն բազմաչափ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների համար որոշակի քանակության գտածոներ դուրս են բերվելու երկրից, որոնք իհարկե նորից վերադարձվելու են: Դրանք ոսկորներ են, քարե գործիքներ, կրակի հետ կապված մնացորդներ: Ունենք նաեւ եզակի նյութեր, որոնք դեռ շրջանառության մեջ դրված չեն, եւ որը պետք է արվի:

– Ի վերջո ի՞նչ է արվելու այդ գտածոների հետ:

– Նմուշների մեծ մասն այսօր գտնվում է Ազոխում, դրանք շատ լավ պահպանվում են, անհրաժեշտության դեպքում մասնագետները կարող են ուսումնասիրություններ կատարել: Հետագայում Ազոխը թանգարան կունենա, բայց թանգարանը պետք է ապահովված լինի մասնագետներով, որն այսօր մեծ խնդիր է մեզ համար:

Ցավոք, այսքան տարի մենք աշխատում ենք Ազոխի քարանձավում, Արցախի բուհերից եւ ոչ մի ուսանող մեզ չդիմեց պեղումներին մասնակցելու համար: Մենք պատրաստ ենք օգնել,:

-Պարոն Եպիսկոպոսյան ցանկալի է, անդրադառնանք նաեւ զուգահեռ իրականացված աշխատանքներին:

-Ազոխի քարանձավի դերը հասկանալու նպատակով, մարդու եւ նրա տարածման հարցում, մանավանդ որ տարածման միջանցքն անցնում է մեր տարածաշրջանով, 10 օր մենք Դանիայից ժամանած մի խումբ մասնագետների հետ զբաղվեցինք մի շարք քարանձավների ուսումնասիրությամբ: Մասնավորապես մենք աշխատել ենք Քարին տակ գյուղի շրջակայքում գտվող 6 քարանձավներում, կատարել ենք որոշակի ուսումնասիրություններ, աշխատանքները պետք է շարունակվեն, ուղղակի կապված է ժամանակի ու ռեսուրսների հետ: Հաջորդ տարի կշարունակենք այդ աշխատանքները, հնեաբանական պեղումներ կիրականացնենք միանգամից մի քանի քարանձավներում:

-Եվ վերջում կուզենայի անդրադառնաք բազմաթիվ քաղաքացիներին հուզող խնդրին: Թույլատրելի՞ է , արդյոք, այցելուների մուտքը քարանձավ:

-Մարդիկ իրավունք ունեն իրազեկված լինել, մտնել քարանձավ տեսնել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քարանձավում ապրող չղջիկները, մլաքները եւ այլն, կարող են նախ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ լինել: Մենք օրինակ աշխատելուց հատուկ համազգեստներ ենք կրում, զուտ անվտանգությունից ելնելով:

Եվ որ ամենակարեւորն է, մենք պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր ժառանգությանը, որպեսզի այն անխաթար հանձնենք գալիք սերունդներին:

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս