
Ծեծի ենթարկված սիրիահայ սրտաբանի գործով հետաքննություն է ընթանում

Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանի հայտարարության վերաբերյալ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: 168.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ բժիշկ-սրտաբանը օգոստոսի 20-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր տվել, որ նույնը օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնի բակում իրեն անծանոթ քաղաքացին վեճի է բռնվել իր հետ, ձեռքով հարվածել և պատճառել մարմնական վնասվածք: Ոստիկանությունից տեղեկացրին, որ Բողոս Աղոյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է քաղաքացու ինքնությունը, ումից բացատրություն է վերցվել և նրան բաց են թողել: Այս պահի դրությամբ ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է կատարվում: Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ ոստիկանության իրավաբանական վարչության պետը երեկ ընդունել է Բողոս Աղոյանին: