Բաժիններ՝

Ղրիմի հանելուկային ընկերության հայաստանյան հետքը

Օրեր առաջ ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները գրեցին մի իրադարձության մասին, որն առաջին հայացքից՝ Հայաստանի հետ կապ չունի, սակայն բավականին ուշագրավ է։

Եվ այսպես, Ղրիմում գրանցվել է բջջային օպերատոր՝ Ղ-Տելեկոմ անվանումով։ Օգոստոսի 5-ից նա սկսել է Ղրիմում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել՝ Win-mobile բրենդով։

Ղրիմի տարածքում գործող ուկրաինական հեռահաղորդակցության լիցենզիաների գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։

Լրատվամիջոցները, որոնք արդեն Ղ-Տելեկոմին համարում են հանելուկային ընկերություն, բարձրացնում են հետևյալ հարցը՝ ինչո՞ւ ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի հսկաները՝ MTC-ը, «ՎիպելԿոմը» և «Մեգաֆոնը», չմտան ղրիմյան շուկա և դաշտը զիջեցին բոլորին անհայտ ընկերությանը, կամ, ինչպես ասում են, «սև ձիուկին»։

Հետո տալիս են պատասխանի իրենց տարբերակը՝ հաշվի առնելով Արևմուտքի կողմից ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, նրանք չեն ցանկանում ռիսկի դիմել։ Բացեիբաց հանդես գալով ղրիմյան շուկայում՝ նրանք գրեթե 100%-ով կերաշխավորեն իրենց տեղը պատժամիջոցների ցանկում։

Դրա համար չի բացառվում, որ նրանք առայժմ հանդես գան քողարկված՝ միջնորդավորված ձևով։ Ու չնայած այս բոլոր երեք ընկերություններն էլ հերքել են, որ կապ ունեն Ղ-Տելեկոմի հետ, լրատվամիջոցները կարծում են, որ այն իրականում պատկանում է այս երեքից մեկին։

Ամենամեծ կասկածն ընկնում է MTC-ի վրա։ Թեպետ MTC-ը պաշտոնապես հայտարարել է, որ կապ չունի Ղ-Տելեկոմի հետ, լրագրողներն իրենց կասկածները հիմնավորող փաստերն են շարադրում։

Նախ՝ նրանք նշում են, որ բջջային կապը (այն էլ՝ 4-րդ սերնդի ծածկույթը) լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, և դժվար է հավատալ, որ ինչ-որ մի անհայտ ընկերություն կարող է իրեն նման ծախսեր թույլ տալ։

Կասկածի երկրորդ հիմքն այն է, որ Ղրիմում Ղ-Տելեկոմի ցանցի գործարկման ժամկետը համընկավ «МТС-Украина»-ի ցանցի անջատման հետ։ Այսինքն՝ Ղ-Տելեկոմը փաստացի փոխարինել է «МТС-Украина»-ին։

Լրագրողները պարզել են նաև, որ Ղ-Տելեկոմի գրասենյակների մի մասի հասցեները համընկնում են «МТС-Украина»-ի գրասենյակների հետ։ Նոր օպերատորի տարիֆային պլանից երևում է, որ այն սերտորեն համագործակցում է MTC-ի հետ. բաժանորդներն օգտվում են զգալի զեղչերից՝ MTC-ի համարներին միջազգային հեռախոսազանգեր կատարելիս, և այլն։

Իսկ հիմա սկսվում է մեզ համար ամենաուշագրավը։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ MTC-ն արդեն իսկ Ղ-Տելեկոմ անունով ընկերություն ունի Հայաստանում։ Սակայն, եթե սա ընդամենը պարզ զուգադիպություն է, ապա հաջորդ փաստն արդեն բավականին լուրջ է։

Պարզվում է՝ ղրիմյան Ղ-Տելեկոմի 100%-անոց սեփականատերը Հայաստանում գրանցված «Սել Գրուփ Վորլվայդ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունն է։ Ընկերությունը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, ղեկավարում է ոմն Բորիս Բորունով, ում Ղրիմում շատերն են ճանաչում, քանի որ նա ղեկավարել է «МТС-Украина»-ի ղրիմյան տարածքային մասնաճյուղը։

Ի դեպ, ՀՀ պետռեգիստրի կայքում իրոք առկա է «Սել Գրուփ Վորլվայդ Հոլդինգ» ՓԲԸ, որը գրանցվել է բոլորովին վերջերս՝ 2014թ. հունիսի 4-ին։ Հիմնադիրների մասին տեղեկատվությունը զետեղված չի։

ՀՀ տեղեկատվական  համակարգերում «Սել Գրուփ Վորլվայդ Հոլդինգը» գրանցված չէ։ Ընդհանրապես, Google-որոնողական համակարգում այս ընկերության որոնումը բերում է ընդամենը մեկ արդյունք. Որպես ՓԲԸ՝ անվանումը նշված է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ հաշվի օպերատորների միջնորդությամբ ռեեստրի պայմանագիր կնքած (վերակնքած) ընկերությունների ցանկում։

Կարճ ասած, պարզ է, որ ընկերությունը գրանցվել է հատուկ նպատակով՝ ղրիմյան հեռահաղորդակցության շուկայում տեղ զբաղեցնելու համար։ Այս իմաստով, որքան էլ աբսուրդային լինի, Հայաստանը նմանվում է օֆշորային երկրի, որտեղ ընկերություններ են գրանցում՝ իրական տերերին թաքցնելու համար։

Լրատվամիջոցները, ի դեպ, գրում են, որ եթե Բորիս Բորունովը «МТС-Украина»-ի նախկին պաշտոնյա է, և Ղ-Տելեկոմն էլ իրականում պատկանում է ռուսական MTC-ին, ապա դա պարզ դավաճանություն է՝ բաժանորդների նկատմամբ։ Ցավալին այն է, որ այս ամենը կատարվում է Հայաստանում գրանցված ընկերության միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս