Բաժիններ՝

Ներկրված թռչնամսի մեջ տեստոստերոն հորմոնի անթույլատրելի չափաքանակ է հայտնաբերվել. hetq.am

Hetq.am-ը գրում է. Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել՝ սննդամթերքի անվտանգությունը եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու համար: Դիտարկման ժամանակամիջոցում հրամանում նշված 7 անուն ներկրվող թռչնամսի տեսականուց մայրաքաղաքի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում առկա էր երեքը` սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) եւ սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ»: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին է պատկանում եւ սուպերմարկետի տնօրինությունը մեզ խորհուրդ չտվեց այլ տեղ փնտրել մյուս տեսականիները, քանի որ հանրապետությունում թռչնամսի միակ ներկրողը դարձյալ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է:

Նմուշառված թռչնամիսը հանձնվեց փորձաքննության՝ մանրէաբանական, անտիբիոտիկների եւ հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով: Հորմոնալ փորձաքննությունն իրականացնող «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիան ներկայացված 3 տեսակի նմուշներից երկուսում՝ սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX), տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն հայտնաբերեց: Որքան էլ զարմանալի է, սակայն «Պոլիգրիմ» տեսակի հավի ազդրամսում հորմոնների քանակությունը նորմայի սահմանում է եղել:

Աշխատանքային խումբը, որում, Ծառայության Երեւանի կենտրոնի մասնագետներից բացի, մեր՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության առաջարկով ընդգրկված էին նաեւ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, միաժամանակ պետք է դիտարկեր նշված թռչնամսի պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը: Աշխատանքային խումբը պարզեց նաեւ, որ սառեցրած ճուտ «Ֆրանգոսոլ» (DOUX), սառեցված հավ «Սադիա», սառեցված հավի բուդ «Պոլիգրիմ» արտադրատեսակների պիտակների վրա առկա են նաեւ հայերեն մակնշման անհամապատասխանություններ, իսկ կշռածրարված քառորդ հավերի վրա ընդհանրապես մակնշումը բացակայում էր:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը տեղեկացրեց, որ թույլատրված քանակից բարձր հորմոններն արդեն վտանգավոր են համարվում, եւ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են եւ դրա վերաբերյալ համապատասխան գործողություն են կատարել: Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ» ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները: Արդյունքները դեռեւս հայտնի չեն: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով, Ծառայության պետը միաժամանակ հանձնարական է տվել, որ բոլոր սահմանային անցակետերում այսուհետ «Սադիա» եւ «Ֆրանգոսուլ» (DOUX) հավերի ապրանքատեսակները երկիր ներմուծելիս պարտադիր ենթարկվեն փորձաքննության, որից հետո թույլատրվի ներմուծումը:

«Ներմուծված մյուս խմբաքանակում էլ եթե պարզ դառնա, որ հորմոնների չթույլատրված չափաքանակը կանոնավոր բնույթ է կրում, այս ապրանքատեսակներն արդեն վտանգավոր կճանաչենք եւ ներմուծումը կարգելենք»,- հայտնեց Դավիթ Ղուլյանը:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այդ չէին ստուգում ներկրված թռչնամսի որակի համապատասխանությունը, պրն Ղուլյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարության 1442 –Ն որոշումը ներկրվող ապրանքի համար հիմք է համարում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը եւ ծառայությունը չի կարող անտեսել ուղեկցող փաստաթուղթը: Պրն Ղուլյանին հիշեցրինք, որ Եվրոպան ու Ռուսաստանը հորմոնների անթույլատրելի չափաքանակների պատճառով վաղուց արգելել են ամերիկյան եւ բրազիլական մսի ներկրումը: «Եթե մենք էլ ճանաչենք վտանգավոր, մենք էլ կարգելենք,- եղավ պատասխանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս