Շամպինիոն` ամենատարածված սունկը
Բնության մեջ հանդիպում է շամպինիոնի 60 տեսակ։ Առավել հայտնի են անտառայինը, սովորականը, տափաստանայինը, մարգագետնայինը։ Կա շամպինիոնի 2 տեսակ` չալպուտուրիկը և դեղնավունը, որոնք թունավոր են։
Փորձ չունեցող մարդիկ կարող են շփոթել շամպինիոնը թունավոր նմանակի հետ, որոնք զարգացման նախնական փուլում շատ նման են։ Կարևոր է իմանալ, որ թունավոր նմանակը պալարաձև լայնացված է բույսի հիմքային մասում և ի տարբերություն նմանակի` հասուն շամպինիոնի թիթեղները մգանում են։ Բնության մեջ աճող բույսը պտղաբերում է մայիս-հոկտեմբեր ամիսներին և որպես օրենք` աճում է մեծ խմբերով։ Շամպինիոնները լայն տարածում են ստացել Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդ-ի շնորհիվ։ Նա հրամայեց իր այգեպաններին «ընտելացնել» դաշտային շամպինիոնները։
19-րդ դարի վերջում Ֆրանսիայի Պաստերի համալսարանում մշակվեց շամպինիոնի սպորների աճեցման ստերիլ մեթոդ։ Ներկայումս շամպինիոնի այդ տեսակը մշակվում է ավելի քան 70 երկրներում։ Շամպինիոնի մշակովի տեսակների սննդային արժեքը մոտ է վայրի պայմաններում աճողներին։ Դրանք կարելի է մշակել ամբողջ տարվա ընթացքում։
Սնկի հյուսվածքներում բացակայում է քլորոֆիլը, այդ իսկ պատճառով այն լավ բերք է տալիս մութ տեղում։
Մշակովի տեսակները չեն առնչվում աղտոտված արտաքին միջավայրի հետ, ժամանակակից տեխնոլոգիաները բացառում են բակտերիաների, թունավոր և սպիտակուցի տրոհման արդյունքում առաջացող այլ վնասակար նյութերի ներթափանցումը սնկի մարմնի մեջ։ Մշակովի տեսակներից առավել տարածված է երկսպորանի շամպինիոնը (Agaricus bisporus), որն ունի 3 տեսակ, որոնցից կրեմագույնը գոյություն ունի միայն մշակության մեջ, իսկ սպիտակը և շագանակագույնն աճում են նաև բնական պայմաններում։ Շագանակագույն շամպինիոնները հաճախ անվանում են նաև արքայական, դրանք ավելի խոշոր են և ավելի երկար են պահպանվում, քան սպիտակը։
Շամպինիոնների շուկայում 20-րդ դարի վերջում հայտնվեցին լայն, խոշոր և հարթ շագանակագույն գլխիկ ունեցող «Պորտոբելո» սնկերը։ Այդ տեսակը մշակվել է Իռլանդիայում և կրում է Դուբլին քաղաքի շրջաններից մեկի անունը։ Պորտոբելոն ներկայումս համարվում է շամպինիոնի լավագույն տեսակը և լայն տարածում է ստացել բոլոր եվրոպական քաղաքներում։ Առանձնահատուկ է նրանով, որ բավականաչափ երկարատև մշակման արդյունքում պտղամիսը խտանում է և բուրում է ինչպես միսը։
Քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները
Շամպինիոնը պարունակում է մինչև 90 % ջուր, 4 % հեշտ յուրացվող սպիտակուց, 2 % բջջանք, 1,5 % ածխաջրեր, 1 % ճարպեր, 1,5 % հանքային նյութեր։
Սպիտակուցների պարունակությամբ շամպինիոնը համարժեք է կովի կաթին։ Սպիտակուցը պարունակում է 18 տեսակի ամինաթթուններ, որոնցից 8-ը չեն սինթեզվում մարդու օրգանիզմում։ Հատկապես բարձր է լիզին և արգինին ամինաթթուների պարունակությունը, որոնք նպաստում են հիշողության և մտավոր կարողությունների պահպանմանը։
Սունկը հարուստ է լեցիտինով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի լիարժեք աշխատանքին և խթանում է գլխուղեղի գործունեությունը։
Ի տարբերություն կանաչ բույսերի, շամպինիոնը հարուստ է D վիտամինով, B1 և B2 վիտամինների պարունակությամբ գերազանցում է թարմ բանջարեղենին, պարունակում է նաև նիկոտինաթթու, պանտոտենաթթու և A, C վիտամիններ։
Պարունակվող ֆոսֆորի քանակությամբ չի զիջում ձկնեղենին և ծովամթերքներին։ Կալիումի քանակությամբ համատեղելի է ցանկացած տեսակի միրգ-բանջարեղենի հետ։ Հարուստ է կալցիումով, երկաթով, պղնձով, պարունակում է նաև սելեն, մարգանեց և ցինկ։
Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ, թարմ սնկերի «գլխարկներում»։ Թարմ շամպինիոնների 100 գրամի էներգետիկ արժեքը 27 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։ Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է։
- Ամերիկացի կենսաբաններն ապացուցել են, որ երկսպոր շամպինիոնը պաշտպանում է օրգանիզմը վնասակար մանրէներից և վերականգնում է հյուսվածքները։
- Սպիտակ շամպինիոնը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտ նյութեր, քան լոլիկը, դդումը, կանաչ պղպեղը, ցորենի ածիկը, ինչի շնորհիվ պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից և հակազդում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացմանը, այդ թվում` նաև քաղցկեղի։
- Շամպինիոնը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, կարգավորում է ածխաջրերի փոխանակման գործընթացը, օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին։ Ունի խորխաբեր և բրոնխները լայնացնող հատկություն, խորհուրդ է տրվում բրոնխիտի և բրոնխների ասթմայի դեպքում։
- Չինաստանում կիրառում են կարմրուկի, գրիպի և ջղակծկային սինդրոմի դեպքում։
- Հեպատիտի և ստամոքսի խոցի դեպքում խորհուրդ է տրվում ուտել չորացրած շամպինիոն։
- Մասնագետները կարծում են, որ վիտամին D-ի պարունակությունը զգալիորեն ավելանում է արևի ճառագայթների ազդեցության ներքո։ Նման հումքն օգտակար է շաքարային դիաբետի և օստեոպորոզի դեպքում։
- Հնդիկ գիտնականները նկատել են, որ շամպինիոնից ստացված պատրաստուկները ճնշում են ոսկեզօծ ստաֆիլոկոկի և տիֆի հարուցիչ բակտերիաների զարգացումը։ Մատղաշ շամպինիոններից պատրաստում են հակաբակտերիալ դեղեր, օրինակ` «Կամպեստրին» հակաբիոտիկը։
- Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Գեղեցկության համալսարանի մասնագետները կարծում են, որ շամպինիոնը նպաստում է մաշկի երիտասարդացմանը։ Պատրաստում են գեղարարական միջոցներ։
- Շամպինիոնը միակ սունկն է, որը կարելի է ուտել առանց ջերմային մշակման, մանր կտրատած վիճակում` կիտրոնի հյութի և ձիթայուղի հետ։
- Հակացուցումներ։ Շամպինիոնը պարունակում է դժվարամարս սնկային բջջանք` ֆունգին, որի քիմիական բաղադրությունը նման է միջատների մարմնում պարունակվող խիտինին։
- Պետք է զգուշանան աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների, քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ չի տրվում ուտել մինչև 5 տարեկան երեխաներին։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: