«Հիմա տղայիս ստիպում են, որ ինձ ասի, որ ես այստեղ Վովայի անունը չտա՞մ: Չէ, տալու եմ, մինչև վերջ էլ տալու եմ: Գերեզմանիս մի մետր խոտ բուսնի, էլի տալու եմ». Վարդան Վարդանյան (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

Նա նշեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում հայտարարել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայհոյել ու հարվածել է իրեն: Իր այդ հայտարարությունից հետո, ըստ նրա՝ մի խումբ ոստիկաններ գնացել են իրենց շենք և հետաքրքրվել իր ընտանիքի անդամներից:

«Իմ հայտարարությունից հետո մի խումբ ոստիկաններ (դեռ չեմ պարզել՝ ովքեր են, ինչ են) գնացել են մեր շենք, ճշտել եմ՝ ում ընտանիքների հետ ենք մոտիկ, ում հետ տալիք-առնելիք կա և այլն, և այլն, սկսել են հետաքրքրվել մեր ընտանիքով, ծնողներով, դաժե զոքանչ, աներ, աներձագ… 7 պորտը ուսումնասիրել են, բավականին մարդկանց նեղություն են տվել, վախեցրել են: Դրանով չսահմանափակվելով՝ տղայիս՝ ավագ լեյտենենտ Տիգրան Վարդանի Վարդանյանին, որը ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում, կանչում են հրամանատարի մոտ, սկսում են սպառնալ՝ բա քո կարիերան, չե՞ս կարողանում հորդ ասես, այնտեղ անուններ չտա և այլն, և այլն, և այլն: Մի խոսքով՝ այսպիսի տհաճ բաներ են տեղի ունենում, որն, ինձ թվում է, շատ լուրջ հետևանքներ է ունենալու: Ես ուզում եմ, որ լուրջ արձագանք ստանա մեր հասարակության մեջ և համապատասխան գերատեսչություններում: Ի՞նչ է նշանակում՝ սպային կանչեն իր հոր արածների համար պատասխանատվության փորձեն կանչել կամ փորձեն նրա միջոցով ազդել հոր վրա:

Ինձ թվում է՝ պաշտպանության բանակի հրամանատարն էլ, պաշտպանության նախարարն էլ կարգին անելիք ունեն»,- հայտարարեց ամբաստանյալը:

«Ես ուզում եմ այդ կազմակերպիչներին հիշեցնեմ, որ սա 37 թիվը չէ, սովետական կայսրությունը չէ, իրենք էլ Ստալինն ու Բերիան չեն, որ անպատիժ 40 մլն մարդու գլուխ կերան, սրանք էլ փորձեն որդուն հանեն հոր դեմ, հորը՝ որդու դեմ և այլն: Ուղղակի ես ուզում եմ ասել՝ թող կանխեն նման բաները ու մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Իսկ ինչ վերաբերում է իմ դեմ բռնություն կիրառողներին, ես համոզված եմ, որ ոչ մի բան էլ չի լինելու այս հայտարարության հետ կապված, որովհետև մի անգամ սուտի քննություն եղավ, Նիկոլ Փաշինայնի հայտարարությունից հետո երկու ամիս (եթե «Վարդաշեն» ՔԿՀ մուտքերը գրանցվում են, կարող եք հանել) եթե ոչ ամեն օր, օրը մեջ գալիս էին, փորձում էին ինձ համոզել, որ ես գրեմ՝ նման բան չի եղել:

Արդյունքում ես հրաժարվեցի: Այն ժամանակ էլ ինձ ասում էին՝ ծառայող տղա ունես և այլն, և այլն: Ես այդ պահին ինձ ճիշտ պահեցի ու քանի որ ես իրենց չէի վստահում, այն ժամանակ ոչ մի հայտարարություն չարեցի՝ սպասելով այսօրվան, որպեսզի մասսայական՝ վկաների, լրագրողների ներկայությամբ անեմ այս հայտարարությունը ոչ թե նրա համար, որ ես հավատում եմ՝ այդ մեղավորներին պատժելու են… քննիչի ներկայությամբ ոստիկանապետը տենց բան է արել:

Այստեղ կա՞ մեկը, որ հավատում է, որ մեկը ոստիկանապետի դեմ ցուցմունք կտա կամ դա ինչ-որ հետք կթողնի: Ես համոզված եմ, որ ոչ մի բան էլ չի լինելու: Ուղղակի այստեղ մեր հետագա գործողությունները արդարացնելու համար ես ուզում եմ, որ հանրությունը իմանա, որ վաղը ես ինչ էլ անեմ, չասեն՝ սա վատ մարդ է, այսպիսի բան արեց: Թող իմանան, որ դա ընդամենը նրանց արածների համարժեք պատասխանն է: Թե չէ ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ՝ այս հայտարարություններից հետո ինչ-որ բան է փոխվելու, որովհետև եթե ինչ-որ բան փոխվելու լիներ, օբյեկտիվ քննություն կարվեր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո»,- շարունակեց ամբաստանյալը:

Նա նշեց, որ «եթե բան ունեն ասելու», թող իրեն ասեն. «Իմ արարքի համար ես եմ պատասխան տալու: Իմ ընտանիքի անդամները գործ չունեն սրա հետ»:

Նա կատարվածը համարեց «ամենավատ տեսակի հաշվեհարդար»՝ նշելով, որ նման բաներ միայն ԿԳԲ-ն է «կարողանում սարքել ու մարսել»:
«Հիմա տղայիս ստիպում են, որ ինձ ասի, որ ես այստեղ Վովայի անունը չտա՞մ: Չէ՛, տալու եմ, մինչև վերջ էլ տալու եմ: Գերեզմանիս մի մետր խոտ բուսնի, էլի տալու եմ, ու այդ վրեժը ես մինչև վերջ տանելու եմ: Ես չտանեմ, երեխաներս են տանելու, չէ, թոռներս են տանելու»,- եզրափակեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

Տեսանյութը՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս