Լեհաստանը գնահատում է Ռուսաստանի դրած բեռնարգելքից իր կորուստները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սննդամթերք արտադրողների լեհական ֆեդերացիան օգոստոսի 7-ին Ռուսաստանի դրած բեռնարգելքից սեփական հնարավոր կորուստները գնահատել է 800 միլիոն եվրո: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Անջեյ Գանտերը:
Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ իրենք գնահատական են տալիս Ռուսաստանի մտցրած սահմանափակումների ֆինանսական հետևանքներին: Գանտերը հավելել է, որ բեռնարգելքի տակ ընկած ապրանքների տարեկան շրջանառության ծավալը կազմում էր 800 միլիոն եվրո.
«Այժմ բարդ է ասել, թե մենք որքան ենք կորցնում, քանի որ շարունակվում է նոր շուկաների փնտրտուքը: Դա կարող է տևել մեկ կամ մի քանի ամիս, քանի որ անհրաժեշտ է ստանալ վկայականներ, անցկացնել աուդիտ»:
Գանտերը հույս է հայտնել, որ կես տարի անց իրավիճակը կկայունանա. «Շատ ձեռնարկատերերի համար դա ցավալի է, սակայն մենք հուսով ենք դուրս գալ նոր շուկաներ և փոխհատուցում ստանալ ԵՄ-ից»:
2013 թվականին Լեհաստանը Ռուսաստան է արտահանել 1.3 միլիարդ եվրոյի սննդամթերք: Դրանցից 500 միլիոնը բաժին է ընկել բանջարեղենի ու մրգի մատակարարմանը: Լեհաստանում արտադրված խնձորի ու տանձի, լոլիկի ու կաղամբի կեսից ավելին մատակարարվել է ռուսական շուկա: