«Մեր դաշնակիցներն էլ են մեր թշնամիները. հայկական պետության լիկվիդացիայի բանաձևն աշխատում է». Ազատ Արշակյան

«Անկախության հռչակագրից հետո թվում էր՝ անկախություն բառը, որ ասացինք, հիմա ամեն ինչ լավ է լինելու, եղած սոցիալական անարդարությունը, պակասը այլևս չեն լինի, աշխատանքային պայմաններում այլևս տրավմա չենք ստանա, երթևեկության կանոնները չեն խախտվի, թվում էր՝ անկախությունը դրախտ է, ոմանք դա էին սպասում: Բայց այնուամենայնիվ մենք 5 անգամ պետություն ենք վերականգնել, և դրա համար աշխարհը մեզ պետք է մրցանակ տա: Հետո էլ՝ աշխարհի ոչ մի երկրում հայ ժողովուրդն այսքան վատ չի ապրում, ինչպես իր հայրենիքում, բայց ի հեճուկս դրա՝ մենք շարունակում ենք այստեղ ապրել. չէ՞ որ սա մեր հայրենիքն է, մենք այս զրկանքների ու անարդարության պայմաններում մնում ու պահում ենք մեր երկիրը, մենք գոյություն ունենք, և սրա համար ևս մեզ մրցանակ է հասնում»,- այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

168.am-ի այն հարցին, թե Անկախության հռչակագրից հետո այս 24 տարիների ընթացքում որո՞նք են եղել Հայաստանի ձեռքբերումները, Ա. Արշակյանը պատասխանեց, որ ամենամեծ ձեռքբերումը Լեռնային Ղարաբաղի պատերազմում մեր տարած հաղթանակն է.

«Դա հրաշալի ձեռքբերում է, բայց այդ լավին մենք պետք է օր օրի ավելացնենք, և դրա հնարավորությունն իսկապես ունենք: Մենք այսօր ունենք կենսամակարդակի հսկայական կորուստ, և դա այն բանի հետևանքն է, որ այն նույն պատճառները, որոնք չէին թողնում հայկական պետություն լինի, այսօր դեռ գործում են, այսինքն՝ արտաքին ճնշումը դեռ գործում է, Հայաստանը մեկուսացված է, տնտեսական գործընկերներն ու հարևանները մեզ թշնամի են, մեր դաշնակիցներն էլ մեզ չեն օգնում, քանի որ նրանք ունեցել են մի ծրագիր՝ հայկական պետություն պետք չէ, չպիտի լինի: Ռուսաստանը, որ հսկայական տարածքներ է հատկացնում և օժանդակում, որ հայերին այստեղից տանի, դա նրա հին ծրագիրն է: Հայկական պետության լիկվիդացիայի բանաձևն աշխատում է:

Այս պայմաններւմ մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մենք կանք, գոյություն ունենք, մարդիկ կան, որ նվիրվում են իրենց հայրենիքին և մնում այստեղ: Մենք ինքներս մեզ համոզեցինք, որ հերոս ժողովուրդ ենք: Հաջորդ ձեռքբերումը պետական ինստիտուտների ձևավորումն է: Դա ինքն իրեն չի եղել, դա չարչարանք է, դա զոհաբերությունների հաշվին է եղել»:

Կարդացեք նաև

Ամփոփելով իր միտքը՝ Ազատ Արշակյանը հիշեցրեց, որ հայ ժողովուրդն է հայոց պետականության կրողը, այլ ոչ թե իշխանությունը, իշխանության աղբյուրը հայ ժողովուրդն է և իշխանությունը ծնվում է հայ ժողովրդից. «Սա պետք է բոլորը լավ իմանան՝ սկսած հասարակ ժողովրդից, վերջացրած այդ նույն իշխանությունից»:

Տեսանյութեր

Լրահոս