Բաժիններ՝

Զինյալները լրագրող Ջեյմս Ֆոուլիի համար պահանջել էին վճարել 100 միլիոն եվրո փրկագին. Global Post

Global Post պարբերականի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, որոնք մահապատժի են ենթարկել ամերիկացի ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիին, դրանից մեկ շաբաթ առաջ առաջարկել էին նրան փոխանակել ազատազրկման դատապարտված պակիստանցի Աաաֆիա Սիդդիկիի հետ:

Այս մասին նշված է ամերիկյան վարչակազմին ու սպանված լրագրողի ազգականներին հասցեագրված նամակում: Օգոստոսի 12-ին թվագրված նամակը հրապարակել է Global Post-ը, որի համար Սիրիայում աշխատել է Ֆոուլին:

Նամակում նշված է, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչները քանիցս ամերիկացիներին առաջարկել են կա՛մ փրկագին վճարել Ֆոուլիի համար, կա՛մ էլ նրան փոխանակել գերի ընկած զինյալների հետ:

Եվ քանի որ ԱՄՆ-ը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել իր քաղաքացու հանդեպ, արմատականները խոստացել են մահապատժի ենթարկել նրան՝ դրանով իսկ վրեժխնդիր լինելով «ամերիկացիների ռազմական հանցանքների՝ կանանց, ծերերի ու երեխաների սպանության համար»:

Ընդ որում, զինյալներն ամենավերջում արել են ևս առաջարկ. Ֆոուլիին փոխել պակիստանցի կին գիտնականի հետ, որը 86 տարվա ազատազրկման է դատապարտվել Աֆղանստանում ԱՄՆ բանակի սպաների ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների վրա հարձակման համար:

Պարբերականն ընդգծում է, որ նամակում կան անճշտություններ: Իրականում իսլամականները Ֆոուլիի ընտանիքի հետ շփում են հաստատել միայն երկու անգամ: Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերին, երբ նրանք պահանջել էին վճարել 100 միլիոն եվրո փրկագին:

Նրանք նշել էին, որ եթե չհաջողվի այդքան գումար, ապա կհամաձայնվեն ազատ արձակել լրագրողին, եթե ամերիկացիները բանտերից ազատեն բանտարկյալներին: Երբ պատասխան նամակում զինյալներից փորձել են հստակեցնել պահանջը, նրանք այլևս չեն պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս