Գառնիկ Իսագուլյան. Անգամ օլիգարխիան է իր բիզնեսների մեծ մասը Հայաստանից դուրս հանում

«Անկախության հռչակագրի 12 կետերի մեջ շատ լավ ամփոփված են այն արժեքներն ու նպատակները, որոնք մենք դրել էինք մեր առջև, բայց մենք, ցավոք, հետագայում այդ կետերից շեղվեցինք և իշխանությունը դարձրինք ինքնանպատակ, իշխանությունը դարձրինք միջոց մեր լավ ապրելու համար, մրցակցությունը եղավ ոչ թե՝ ով է հայրենիքին ավելի լավ ծառայել և ըստ դրա նրան գնահատեն հասարակության մեջ, այլ ով քանի հազար դոլարանոց ջայլամի կաշվից կոշիկ է հագնում: Սա ողբերգություն է,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայտարարեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը,- Այն օրը, երբ մենք ընդունում էինք անկախության հռչակագիրը, ըստ էության, բոլորս նույն կարգավիճակում էինք բոլոր առումներով, դրա համար Հայաստանը կարողացավ այդ ծանր պայմաններում լուրջ հաջողություններ արձանագրել, իսկ հիմա, երբ թվում է՝ ամեն ինչ բարվոք է, օրերով լույսի անջատում չկա, հարյուրտոկոսանոց շրջափակում չկա, պատերազմ չկա, երկրաշարժի հետևանքները կարծես թե վերացել են, առաջացել է մի կաստա, որը խոչընդոտում, արգելակում է հասարակության զարգացմանը»:

Ըստ նրա՝ այս հուսալքությունը բոլորի մեջ առաջացրել է արտագաղթելու ցանկություն, և այսօր արտագաղթում են բոլորը. «Ամենաաղքատ խավն այսօր իր խնդիրները լուծելու համար այնքան է պարտք անում, որ երբ տեսնում է այլևս ելք չունի, ստրուկի կարգավիճակում է, ծախում է իր վերջին ունեցվածքը և Հայաստանից գնում: Մի պահ թվաց, թե միջին խավը դրական աճ ունեցավ, բայց ստեղծվեց մի իրավիճակ, որ մեծերը նրան սկսեցին խժռել, և նա, մտածելով փրկել իր ունեցած մի քիչը, նորից հեռանում է Հայաստանից: Անգամ օլիգարխիան է իր բիզնեսների մեծ մասը Հայաստանից դուրս հանում: Ըստ էության Հայաստանը լքում են բոլորը: Պատճառն այն է, որ մեր ստեղծած իշխանական մոդելը բնական չէ»:

Նույն խնդիրներն այսօր նաև բանակում կան՝ ըստ Գ. Իսագուլյանի: Նրա խոսքով՝ բանակում ստեղծված իրավիճակն էլ հասարակության մեջ ստեղծված իրավիճակի հայելային արտացոլումն է.«Զինվորական կազմ, ցածր սպայական կազմ և բարձրաստիճան սպայական կազմ: Ամենաքիչ ուշադրությունը դարձնում են զինվորի վրա: Այո, մեր բանակը տարածաշրջանում ամենալավն է, բայց դա այն հին պոտենցիալի, պատերազմում տարած հաղթանակի արդյունքն է: Առաջացել է մի իրավիճակ, երբ բարձրաստիճան սպայական կազմը, բացի հայրենիքին ծառայելուց, ունի նաև բիզնես. հենց երկրի պաշտպանության նվիրյալ ծառայողն ունեցավ բիզնես, նա պաշտպանության խնդիրները կմղի երկրորդ պլան: Այս վերին խավը չի գիտակցում, որ եթե ներքևի խավը չկա, իրենք էլ երկար գոյատևելու հնարավորություն չունեն, և կարող են իրենց այդ վարքագծով հանգեցնել նրան, որ մենք նորից կորցնենք մեր պետականությունը»:

168.am-ի այն հարցին, թե այս խնդիրների լուծան տարբերակները որո՞նք են, ինչպե՞ս պետք է դուրս գալ այս իրավիճակից, Գ. Իսագուլյանը պատասխանեց, թե տարբեր եղանակներ կան. «Ինչո՞ւ չէ, միտինգներ, ցույցեր, ինչպես այսօր անում է մեր քաղաքացիական հասարակությունը, ի վերջո՝ հեղափոխություն, միայն թե պետք է լուծել այս խնդիրները: Ով համաձայն չէ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների հետ, թող ինքն էլ գնա Հայաստանից, նրանց բոլորին հեռացնել է պետք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս