Բաժիններ՝

«Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ճարտարապետի համաշխարհային տոնի միջոցառումներին»

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօրվա ասուլիսում թվարկեց ճարտարապետների բոլոր այն խնդիրները, որոնք արդեն երկար տարիներ է գոյություն ունեն: Առաջինը, նրա խոսքով՝ մեր բնակավայրերի միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանման և միջավայրի խաթարման վերաբերյալ հարցերն են: Երկրորդը՝ ճարտարապետների կարգավիճակն է, իսկ երրորդ խնդիրը՝ ստեղծագծողների կարգավիճակը:

Նա նշեց, որ վերոնշյալ ուղղություններով իրենք արդեն իսկ ձեռնարկել են մի քանի ծրագրեր. «Առաջինը՝ ճարտարապետության օրենքն է, որը 2009 թվականին մենք նախաձեռնել էինք, 2011 թվականին սառեցվեց: Հիմա մենք վերջին 3 ամիսների ընթացքում դա վերականգնել ենք և միության հետ (խոսքը Ճարտարապետների միության մասին է:- Ա. Ք.) բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, ու կարծում եմ, որ այս օրենքը շատ շուտով կներկայացնենք կառավարություն»:

Ն. Սարգսյանի խոսքով՝ օրենքն այն մասին է, որ նույն նախադեպով, ինչպես արված էր Փաստաբանների պալատի կամ Առևտրի պալատի դեպքում, միջազգային բոլոր ստանդարտներով ճարտարապետներն առանձին միավորում են և նրանք են, որոնք պետք է որոշեն՝ իրենց գործընկերն ինչ որակավորում պետք է ունենա. «Այսինքն՝ լիցենզիայի և որակավորման խնդիրները պետք է պետությունից անցնի ճարտարապետական նորաստեղծ միավորմանը, կամ պալատին: Նրա գլխավոր գաղափարը դա է: Եվ քանի որ բոլոր զարգացած երկրներն այդպիսի կառույցներով են գործում, մենք ևս այս ուղղությամբ գնում ենք նման շատ կարևոր խնդրի լուծման, որն իր հերթին նաև կբերի ճարտարապետական նախագծերի որակի բարձրացմանը, իր հերթին կբերի նաև ճարտարապետ և ներդրող, ճարտարապետ և պետություն հարաբերությունների կարգավորմանը»:

Ն. Սարգսյանը նաև հայտարարեց, որ իրենք նախաձեռնել են այս տարի հոկտեմբեր ամսին առաջին անգամ մասնակցել ճարտարապետի համաշխարհային տոնի միջոցառումներին. «Դրա առիթով կկազմակերպենք երիտասարդ ճարտարապետների գիտաժողով, և առաջին անգամ այս ծավալով կիրականացնենք համահայկական ճարտարապետական բիենալե: Յուրաքանչյուր 2 տարին մեկ Երևանը կդառնա աշխարհի բոլոր հայ ճարտարապետների այն հարթակը, որտեղ նրանք կցուցդադրեն իրենց կատարած աշխատանքները, կլինեն սեմինարներ, մաստեր-կլասներ, երիտասարդները կցուցադրվեն, և մենք կհասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում և ճարտարապետության զարգացման հայկական պատմության այս շրջանում մեզ ինչ խնդիրներ են հուզում և մենք ինչ քայլեր պետք է անենք, որ կարողնանք մեզ համար կարևոր այս ոլորտը զարգացնել»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս