Apple-ի շուկայական արժեքը գերազանցել է 600 միլիարդ դոլարը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Apple ընկերության շուկայական կապիտալացումը նոր iPhone-ի շնորհանդեսի ակնկալման ֆոնին գերազանցել է 600 միլիարդ դոլարը՝ համաձայն Nasdaq բորսայի տվյալների: Օգոստոսի 21-ի դրությամբ, ընկերության բաժնետոմսը գնահատվել է 100.58 դոլար, իսկ կապիտալացումը՝ 602.74 միլիարդ դոլար:
Օգոստոսի 20-ին Apple-ի արժեթուղթն աճել էր մինչև ռեկորդային 101.09 դոլարի, ինչը գերազանցել է անգամ 2012 թվականի սեպտեմբերին ռեկորդային նախկին ցուցանիշը՝ 100.71 դոլար: Apple-ի բաժնետոմսերի գնի աճի վրա դրական ազդեցուցյուն են ունեցել նաև հաշվետու վերջին եռամսյակի հաջող արդյունքները:
Ապրիլ-հունիս ամիսներին Apple-ի հասույթն աճել է 6 տոկոսով՝ հասնելով մինչև 37.4 միլիարդ դոլարի, իսկ մաքուր շահույթն աճել է 12 տոկոսով՝ հասնելով մինչև 7.75 միլիարդ դոլարի:
Apple-ի արժեթղթերն աճում են նաև նոր արտադրատեսակների՝ ավելի խոշոր էկրանով և «խելացի ժամացույցով» iPhone-ի երկու նոր մոդելների ակնկալվող շնորհանդեսի ֆոնին:
Apple-ի բաժնետոմսերի գինն այս տարի աճել է ավելի քան մեկ քառորդ անգամ: Շուկայական կապիտալացումը Apple-ին հնարավորություն է տվել պահպանել աշխարհի խոշորագույն ընկերության կոչումը: Ամենամոտ մրցակիցը՝ նավթային Exxon Mobil ընկերությունը, գնահատվում է 425.2 միլիարդ դոլար: