Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թիվը հասել է 80.000-ի

Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» դարձել է Սիրիայում գործող ամենաբազմամարդ զինված խմբավորումը: Նման եզրակացության են հանգել հեռուստաալիքի վերլուծաբանները:

Նրանց տվյալներով՝ սուննի ծայրահեղական այդ կազմակերպության շարքերում ներկա դրությամբ հաշվվում է ավելի քան 50.000 զինյալ, ևս 30.000 զինյալ պատերազմում է հարևան Իրաքում:

Ընդդիմադիր այլ միավորների անդամները գնալով ավելի հաճախ են անցնում նրա շարքերը և հավատարմության երդում տալիս «Իսլամական պետության խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Միայն հուլիսին զինյալների շարքերը համալրվել են 800 խռովարարներով և 1100 օտար վարձկաններով: Բացի այդ, ռազմական պատրաստություն է անցել ևս 6300 նորակոչիկ, որոնց 80 տոկոսը սիրիացիներ են, իսկ մնացյալը՝ օտարազգիներ, որոնք ներկայացնում են արաբական ու ասիական երկրները:

Այդ ամենին զուգահեռ կտրականապես նոսրանում է «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամների թիվը: Կտրուկ անկում է ապրում «Ալ-Քաիդայի» սիրիական այդ մասնաճյուղի ազդեցությունը:

«Իսլամական պետություն» խմբավորման միակ մրցակիցը «Իսլամական ճակատն է», որն ունի 11 բրիգադ՝ 30.000 մարդ, որոնք մարտնչում են Հալեպից մինչև Թուրքիային սահմանն ընկած շրջաններում:

Դամասկոսի մոտ կառավարական զորքերին դիմակայում է Զահրան Ալյուշի գլխավորած «Իսլամական բանակը», որի կազմում հաշվվում է 9000 զինյալ: Կան նաև ավելի փորք խմբավորումներ, որոնք գործում են Հորդանանին սահմանակից շրջաններում, Հոմսի նահանգում:

«Իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս վերահսկում է Սիրիայի տարածքի 35 տոկոսը: Նրա ձեռքում են գտնվում նավթարդյունաբերական խոշոր օբյեկտներ ու հացահատիկի ամբարներ, Եփրատ գետի վրա կառուցված խոշոր հիդրոհանգույցներ, որոնք գտնվում են Ռաքքա ու Դեյր էզ-Զոր նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս