Բաժիններ՝

Հ. Աբրահամյան. Շահագրգիռ քննարկում է ընթացել փոխադրումների, սահմանային անցակետերի արդիականացման շուրջ

«Վրաստանի վարչապետ հարգելի պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վերահաստատելով երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապերը և պատրաստակամությունը է՛լ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրող հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերին առնչվող խնդիրները»,- այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Աբրահամյանի խոսքով՝ շահագրգիռ քննարկում է ընթացել փոխադրումների, սահմանային անցակետերի արդիականացման շուրջ:

«Բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ ու կառուցողական մթնոլորտում»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Իր հայ գործընկերոջը դիմելով «Ձերդ գերազանցություն» արտահայտությամբ՝ Վրաստանի վարչապետ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ըստ Ի. Ղարիբաշվիլիի՝ երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը պետք է էլ ավելի խորացնել: Նա գոհունակությամբ նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 42%-ով ավելացել է և հարկավոր է շարունակել հարաբերությունները: Ի.Ղարիբաշվիլին կարևորեց, որ երկու երկրների միջև ոչ միայն կառավարոթյունների, այլև գերատեսչությունների միջև հանդիպումներ ընթանան:

«Խոսեցինք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում և համաձայնության ենք եկել, որ ավելի խորացնենք այս հարաբերությունները»,- ասաց Ի. Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ խոսվել է նաև մշակութային և մարդասիրական բնագավառների հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս