Վարդան Խաչատրյան. Լուրջ վտանգներ կան Հայաստանի համար

«Թուրքիայում խիստ անհանգիստ են, որ Հայաստանի սահմանը բացելու դեպքում այդ, այսպես կոչված, ծպտյալ հայերի շարժումը Թուրքիայում ինչի է վերածվելու, ինչպիսի փոփոխություններ տեղի կունենա, ինչքանով է դա վտանգավոր թուրքական պետության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրոնագետ-աստվածաբան, չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Կրոնագետը նշեց, որ հայերի պահանջատիրական կողմնորոշումը պետք է լինի ոչ թե այն, որ ժամանակին մազապուրծ եղած հայերը, որ լքել են Թուրքիան, վերադառնան և վերաբնակվեն, այլ այն, որ Թուրքիայում ապրող հայերը կարողանան ապրել իրենց կրոնական ինքնորոշմամբ.

«Արմենոֆոբիան՝ հայատյացությունը, եղել է այս քաղաքականության առանցքային գիծը: Իսկապես այսօր կա նաև խնդիր՝ հայեցի ապրելակերպով իրենց կյանքը շարունակելու հնարավորությունից զուրկ հայերի վիճակն ինչպիսի՞ն է լինելու, և մեր պահանջատիրությունը կարո՞ղ է կենտրոնանալ Թուրքիայում բնակվող այն քրդացած, քրդալեզու դարձած, դավանափոխ եղած հայերի հարցում, որոնցից այսօր կան անձինք, ավքեր գալիս են այստեղ և ընդունվում են:

Այստեղ միակ դրական բանը կարող է լինել այն, որ հնարավորինս շատ զիջումներ լինեն, և թուրքական իշխանությունների վերաբերմունքը պոզիտիվ դառնա այդ մարդկանց հայկական ինքնությամբ ապրելու կողմնորոշմանն ու ձգտմանը»:

Կարդացեք նաև

«Այսօր թուրքական մամուլում տպագրվում են երիտթուրքերի կազմակերպության փակ նիստերի սղագրությունները, որտեղ հայերի տեղահանման խնդիրն է քննարկվել, և արդեն սպասարկվում է այն գիծը, որ այստեղ եղել են նաև թուրքածագում անձանց քվերակությունները, որոնք չեն քվեարկել հայերի տեղահանման օգտին, հիմնականում այլազգիներն են այդպես քվեարկել»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ նկատելով, թե այս հրապարակումներն ընդհանրական հայ ժողովրդի պատասխանի կարիքը ունեն, որովհետև հայերի դեմ կանգնած է և գործում է «հսկայական պետական մեքենա, որի գործունեության վերջին 100-ամյակը անգամ Մեծ եղեռնից հետո հիմնականում եղել է հայերի դեմ»:

Այնուհետև Վ. Խաչատրյանն անդրադարձավ աշխարհում տիրող պատերազմական գործողություններին՝ նշելով, որ այս իրավիճակում լուրջ վտանգներ կան Հայաստանի համար: Հետևաբար՝ Հայաստանը պետք է կարողանա լիարժեք կանխատեսել և վերահսկել իրավիճակը, քանի որ մեր հարևան բոլոր պետությունների քաղաքացիները այսօր գտնվում են պատերազմի մեջ:

Գոյություն ունեցող պատերազմական գործողությունների մեջ ներքաշված են մեզ շրջապատող բոլոր երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարստկաստանի բնակիչները: «Ծայրահեղականության դրսևորումները հասել են իրենց գագաթնակետին, և այնտեղից  այս տարածաշրջան գալու են մեզ համար աներևակայելի քանակությամբ ծայրահեղական քարոզիչներ: Ինչից ելնելով իրավիճակը մեզանում ևս փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր անցումների, որոնք այս բավականին պայթունավտանգ իրավիճակը կարող են որպես փաստ դնել մեր առջև:

Մյուրիդները, անձինք ովքեր կրոնական իրավունք են ստանում անգամ օրենքները փոխելու, մտնում են ընտանիքներ՝ քարոզելու, ինչպես իրենք են ասում՝ մի ձեռքում Ղուրանը և մյուս ձեռքում սուրը: Մեզ շրջապատող իրավիճակում ապրող բոլոր ժողովուրդների մեջ դա կարող է առաջացնել պայթյուն, ալիք, հնարավոր անգամ ռազմական գործողությունների խթանում մեր տարածաշրջանում մեր դեմ»,- ասաց Վարդան Խաաչտրյանը:

Սա ալիք է, որի բարձրանալու դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան դիմագրավելու, քանի որ նրանց գլխավոր խոչընդոտներից մեկը հանդիսանում է Հայաստանը, որը, ըստ կրոնագետի՝ փորձելու են մեկուսացնել, թուլացնել կամ վերացնել:

«Մեր շրջապատում հասարակությունները գնալու են դեպի ծայրահեղացման. դա կասկածից դուրս է: Անգամ Թուրքիայում տեղի ունեցած բոլոր հնարավոր տեղաշարժերը 1980-ական թվականներից պայմանավորված էին՝ կրոնական կրթություն ստացած անձանց սպայական կազմի մեջ թափանցելով»,- հավելեց Վարդան Խաչատրյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս