ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը կանխել է ճապոնական սուզանավի հետախուզական գործունեությունը
Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նաավատորմի հակասուզանավային ուժերը կանխել են Ճապոնական ծովի սահմանային ջրերում ճապոնական սուզանավի հետախուզական գործունեությունը: Այս մասին թերթին հայտնել են ՌԴ ՊՆ-ում նրա աղբյուրները:
Ճապոնական սուզանավը հայտնաբերվել է օգոստոսի 20-ին, Լապերուզի նեղուցի հյուսիսում, որտեղով անցնում է ռուս-ճապոնական սահմանը: Դրանից հետո ճապոնական սուզանավին հետևելու համար ուղարկվել է նավախումբ և ծովային ավիացիայի ստորաբաժանում, ինչից հետո սուզանավը հապճեպ լքել է սահմանային գոտին:
Միջադեպի մասին իրազեկվել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նախնական տվյալներով՝ ռուսական ծովային սահմանի անմիջական մերձակայքում հայտնաբերվել է «Օյասիո» տիպի ճապոնական դիզելային սուզանավ:
Վերջինս, սակայն, չի հատել Ռուսաստանի տարածքային ջրերի սահմանը: Ռուս զինվորականներն ընդգծում են, որ Ճապոնիան վերջին շրջանում ակտիվացրել է իր ուժերը տարածաշրջանում՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով Կուրիլյան կղզիների նկատմամբ: