Լրատվամիջոցների բողոքի քննությունը հետաձգվեց. դատարանը կպահանջի հստակեցնել դատախազի լիազորությունները

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Հրապարակ» օրաթերթի և ilur.,am կայքի բողոքների քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցնում է հրապարակել տեղեկատվության աղբյուրը: Երկու լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Դատարան ներկայացած դատախազը ներկայացրեց իր վկայականը և նշեց, որ լիազորագիր ներկայացնելու պահանջն իրավաչափ չէ. նա նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքով չկա պահանջ, որ դատախազը պետք է ներկայացնի լիազորագիր, եթե նա արդեն իսկ դատավարական հսկողություն է իրականացնում: Դատավորը նշեց, որ բացատրությունը դատարանին բավարարում է:

«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատախազի բացատրությունն իրենց չի բավարարում, որովհետև դատարանում ներկայանալու համար իրենք լիազորագիր են ներկայացրել: Դատավոր Եվա Դարբինյանն ասաց, որ գործում առկա է փաստաթուղթ, որ քրեական գործի հարուցումն իրականացվել է դատախազ Պետրոսյանի կողմից:

ilur.am կայքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մեջբերեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի հոդվածներից մեկը՝ նշելով, որ համաձայն դրա՝ Հատուկ քննչական ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում բացառապես գլխավոր դատախազը և նրա կողմից լիազորված դատախազները. «Առհասարակ այն փաստաթղթերը, որոնք կան գործում, որոնք որ ցույց են տալիս, որ այսօր դատարան ներկայացած անձը՝ դատախազը, իրականացրել է վերահսկողական գործառույթներ, դա ոչ թե նշանակում է, որ նա իրավասու է այդ գործառույթները կատարելու, այլ դա նշանակում է, որ առնվազն այդ ժամանակ արդեն իսկ պետք է ունենար գլխավոր դատախազի կողմից համապատասխան լիազորություն»: Ըստ նրա՝ բացառապես այդ լիազորագիրը կարող է վկայել, որ դատախազն իրավունք ուներ վերահսկողություն իրականացնել և այսօր էլ իրավունք ունի դատարանում իրականացրել հատուկ քննչական ծառայության կողմից առաջին ատյանի դատարան արված միջնորդության պաշտպանությունը: «Հետևաբար քանի դեռ չի ներկայացվել լիազորությունները հաստատելու վերաբերյալ փաստաթուղթ՝ պատշաճ ձևով վավերացված գլխավոր դատախազի կողմից, մենք չենք կարող ճանաչել այն անձի լիազորությունները, որի՝ դատական քննությանը մասնակցելու կապակցությամբ կարող ենք ներկայացնել բացարկ կամ ոչ: Հիմա ամբողջ հարցը սա է: Անձը պարզվեց, ստուգվեց: Պարզվեց, որ 16.01.14թ.-ից այս անձը գլխավոր դատախազությունում է աշխատում, բայց արդյոք լիազորվա՞ծ է Հատուկ քննչական ծառայության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և այսօր դատարանում այս գործով հանդես գալու՝ որպես դատախության ներկայացուցիչ»,- ասաց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս