Բաժիններ՝

Հայաստանում վաճառվող հացի 30 տոկոսը օդ է

«Հացի որակը զգալիորեն լավացել է և չնայած՝ ես միշտ տրամադրված եմ քննադատական կետերի վրա ուշադրություն դարձնել, բայց լավը չի կարելի չնկատել»,-  այսօրվա ասուլիսում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ Ա. Պողոսյանի՝ Հայաստանում հացաբուլկեղենի ոլորտի բարելավման համար նախ պետք է պետական համապատասխան մարմինները ստուգայցեր կատարեն հացի արտադրամասեր և լաբորատոր փորձաքննություն անցկացնեն, որից հետո կտուգանվեն խախտում կատարողները: Ա. Պողոսյանը նշեց, որ Սպառողների միությունը ժամանակին կատարել է ստուգայցեր, որոնց արդյունքում պարզվել է, որ հացի մեջ մինչև 30 տոկոս օդ կա. «Երբ մենք հաց ենք գնում, մեզ թվում է՝ մենք գնում ենք հաց: Իրականում այդ հացի 30 տոկոսը օդ է: Առողջությանը վտանգ չկա, բայց սրա շնորհիվ մեր գրպանին են հարվածում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ինձ փորձում է համոզել, որ դա իրենց ֆունկցիան չէ: Եթե մեկը ոչ օրինական եկամուտ է ստանում՝ գնի մեջ դա արտահայտելով, և տնտեսական մրցակցության խնդիր չէ՞»:

Սպառողների միության նախագահը անդրադարձավ նաև հացաբուլկեղենի ոլոտում առկա հիմնական թերությանը՝ հացի տեղափոխմանը, որը շատ անփույթ է կատարվում.

«Փոշու տակ չի կարելի հացը տեղափոխել: Մեքենան պետք է հատուկ այդ նպատակի համար հարմարեցված լինի, հիգիենայի կանոնները պետք է պահպանվեն»:

Կարդացեք նաև

Հացի փաթեթավորումը ևս պատշաճ կերպով չի արվում: Ընդհանրապես հացը պետք է թղթե փաթեթների մեջ լինի: Իսկ եթե խանութում գրած է՝ «հաց՝ 180 դրամ», սա չի կարող համարվել գնապիտակ: Գնապիտակի վրա պետք է գրված լինի ձեռնարկության անունը, հացի տեսակը, գինը, քաշը և տվյալ վաճառախանութի կնիքը:

«Վիճակագրությունն ասում է, որ մեր երկրում մարդու սննդակարգի մեջ հացը կազմում է օրական մոտ 400 գրամ: Սա աղաղակող փաստ է: Այսպիսի վիճակ լինում է պատերազմական դեպքերում, աղետների դեպքերում, որ մարդիկ հացով են սնվում: Սա անընդունելի ցուցանիշ է: Երբ ասում ենք, որ մեկ հոգին 400 գրամ հաց է ուտում, դա նշանակում է՝ նորածիններն էլ են այդ թվի մեջ մտնում: Պատշաճ սննդակարգը պետք է այնպիսին լինի, որ մարդը պետք է օրական 1 կգ սնունդ ընդունի»,- հավելեց Արմեն Պողոսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս