Թբիլիսիից Մոսկվա ավիաչվերթները հետաձգվում են տեխնիկական պատճառներով

Business Грузия-ի փոխանցմամբ` Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ներկա պահին ստացել է միայն մեկ հայտ` Թբիլիսիից Մոսկվա երթեր սկսելու համար: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Գուրամ Ջալագոնիան:

Նա մանրամասնել է, որ այդ միակ հայտը ստացվել է վրացական Airzena ավիաընկերությունից. «Ես ոչ վաղ անցյալում խոսել եմ «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացուցիչների հետ, և նրանցից ստացել ենք պարզաբանումներ, որ տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով հետաձգվում է ուղիղ չվերթների վերականգնումը:

Սակայն դրա հետ մեկտեղ նրանք չեն պարզաբանել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը: Որպեսզի թռիչքները սկսվեն սեպտեմբերի 15-ից, գործակալությունը պետք է համապատասխան հայտ ստանա սեպտեմբերի 1-ից ոչ ուշ, սակայն դեռ որևէ հայտ չկա»:

Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ ավիացիոն հաղորդակցության հնարավորության մասին Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին դեռևս հուլիսի սկզբին: Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ուղիղ ավիաչվերթները դադարեցվել են 2006 թվականին: 2008 թվականին դրանք որոշ ժամանակով վերսկսվեցին, սակայն օգոստոսյան պատերազմից հետո դրանք վերստին դադարեցվեցին:

Տեսանյութեր

Լրահոս