ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանները վերստին սպանել են աֆրոամերիկացու
BBC News-ի փոխանցմամբ` ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում, ուր արդեն երկրորդ շաբաթն է, ինչ բնակչությունը բողոքում է աֆրոամերիկացու սպանության դեմ, ոստիկանը սպանել է 23-ամյա սևամորթ տղամարդու:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ ոստիկանները հարկադրված են եղել զենք կիրառել իրենց վրա դանակով հարձակված տղամարդու դեմ: Անցած գիշեր ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների 31 մասնակցի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆերգյուսոնում բողոքի ակցիաների սկսվելուց հետո առաջին անգամ դիմել է ցուցարարներին` կոչ անելով հանդարտվել և ընդգծելով, որ հասկանում է նրանց ցասումը: Այսօր Ֆերգյուսոն է ժամանելու ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, ով անձամբ է զբաղվելու հետաքննությամբ:
Ֆերգյուսոնի անկարգությունները սկսվել են օգոստոսի 9-ին ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանությունից հետո: Ոստիկանության հաղորդմամբ` 18-ամյա Մայքլ Բրաունը հրազենային մի քանի վնասվածք է ստացել մեքենայում ծավալված պայքարի ժամանակ:
Սակայն ականատեսների վկայությամբ, երիտասարդը եղել է անզեն և սպանվել է այն ժամանակ, երբ կանգնած է եղել ձեռքերը վեր պահած վիճակում: