Հայաստանը շուրջ 25%-ով ավելացրել է ձկան արտահանումը
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանը շուրջ 25%-ով ավելացրել է ձկան արտահանումը: Ընդհանուր առմամբ՝ արտահանվել է մոտ 1300 տոննա ձկնամթերք, և ամբողջն ուղարկվել է Ռուսաստան:
Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ թիվն անհամեմատ բարձր կլիներ, եթե ձկնաբուծական տնտեսությունների մեծ մասը զրկված չլիներ արտահանելու հնարավորությունից: Նա հայտնեց, որ միայն մոտ 2 ամիս է, որ մի քանի կազմակերպությունների արտահանման իրավունքը վերականգնվել է:
«Արտահանման առումով տնտեսվարողը անպաշտպան վիճակում է: Մեզ դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչպե՞ս պատահեց, որ 22 կազմակերպությունների արտահանման իրավունքը դադարեցվեց: Ի՞նչ է անում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որ մեր տնտեսվարողը Ռուսաստանում խնդիրներ է ունենում: Նորմալ արտահանման գործընթաց չեն կարողանում ապահովել: Դեռ անցած տարի 13 ընկերությունների լիցենզիաները կասեցվել էին, և նրանք մոտ 1 տարի չեն արտահանել, մի քանիսինը վերջերս է վերականգվել: ՍԱՊԾ-ն գաղտագողի գործողություններ է իրականացնում, ամեն ինչ անում են տնտեսվարողին իրենցից կախվածության մեջ դնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում միայն 1 կազմակերպություն էր մնացել, որ արտահանում էր իրականացնում, իսկ այս պահին միայն 8 ձկնաբուծարան է արտահանում: