Առանց Ռուսաստանի մենք ոչինչ ենք, և Ռուսաստանն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը. ո՞ր տեսակետին հավատալ

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

* * *

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայկական շրջանակներում երկու հիմնական տեսակետ է շրջանառվում: Դրանք տրամագծորեն հակառակ են իրար և եթե մեկի հիմքում ընկած է այն թեզը, որ առանց Ռուսաստանի մենք ոչինչ ենք և միայն այդ երկրի իշխանությունների ու բարեկամ ժողովրդի գթասրտության շնորհիվ է, որ Հայաստան գոյություն ունի, ապա մյուսը պնդում է, որ Ռուսաստանն է մեր բոլոր դժբախտությունների ու անհաջողությունների պատճառը՝ այդ երկիրը մեզ նվաստացնելու, կեղեքելու և իր շահի համար օգտագործելու նպատակով անվերջ նորանոր ձևեր ու միջոցներ է գտնում: Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով այդ երկու մոտեցումներն էլ արատավոր են ու հանդիսանում են մեր ներքին ստրուկի դրսևորում: Իրականում մեր դժբախտությունների պատասխանատուն ինքներս ենք՝ մեր տգիտությունը, ագահությունը, անհատապաշտությունը, եսասիրությունն ու անսկզբունքայնությունը և, ամենակարևորը՝ սեփական ներուժը ճիշտ գնահատելու անընդունակությունը: Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների գնահատումը փորձում են իրականացնել երկկողմ հարաբերությունների տնտեսական ցուցանիշների հիման վրա: Այդ կարգի հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: Գործը ներկայացվում է այնպես, որ հայաստանցիներս գոյություն ունենք ռուսական տնտեսական բարեգործության հաշվին: Այս մոտեցումը հատկապես մեծ ոգևորություն է առաջացնում որոշ ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, որոնց ձայնակցում են նաև իրենց՝ ռուսական շահերի հայաստանյան պաշտպաններ համարող քաղաքական գործիչներ: Կարծում եմ օգտակար կլինի բոլորի համար փոքր-ինչ այլ դիտանկյունից վերլուծել խնդիրը և այդ դեպքում հասկանալի կդառնա, որ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին հանդիսանում են Ռուսաստանի ազգային անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկը, որի շնորհիվ ՌԴ պահպանում է իր ազդեցիկ ներկայությունը մեր տարածաշրջանում և առանց որի անհնար է պատկերացնել անգամ, թե ինչ կարգի հսկայական կորուստների առջև կկանգնի մեր հյուսիսային դաշնակիցը: Մենք ինքներս չենք սովորել ճիշտ գնահատել սեփական դերը և սա հանգեցնում է սխալների նաև ուրիշներին գնահատելիս: Այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Ռուսաստանի անվտանգության ապահովման համատեքստում չի ծածկվում Ռուսաստանի կողմից տրվող տնտեսական արտոնություններով:

Տեսանյութեր

Լրահոս