
Պուտինը Պորոշենկոյի հետ Մինսկում կհանդիպի օգոստոսի 26-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Մաքսային միության երկրների առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Նուրսուլթան Նազարբաևի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Բանակցությունները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն օգոստոսի 26-ին: Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ Պուտինը գագաթաժողովի շրջանակներում անցկացնելու է մի շարք երկկողմ հանդիպումներ:
Եվրահանձնաժողովի կայքն իր հերթին հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն որոշել է գագաթաժողովին ուղարկել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին և առևտրի ու էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարներ Կարել Դե Գյուհտին ու Գյունթեր Օթթինգերին: