Բլատերը ՌԴ-ին առաջարկել է կրճատել 2018 թվականի Աշխարհի առաջնության անցկացման քաղաքների թիվը
Lenta.ru-ի փոխանցմամբ` ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ռուսական կողմին առաջարկել է կրճատել այն քաղաքների թիվը, որոնք 2018 թվականին կընդունեն ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Բլատերն այդ հարցում վկայակոչել է այս տարի Բրազիլիայում անցկացված Աշխարհի առաջնության փորձը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Հանգստյան օրերին Բլատերն այցելել է Սոչի` կապված Աշխարհի առաջնության նախապատրաստական գործերին ծանոթանալու հետ: Սոչիում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Վիտալի Մուտկոյի և մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար Ալեքսեյ Սորոկինի հետ:
Բլատերը հանդես է եկել նաև այլ առաջարկներով` հենված Բրազիլիայում մրցաշարի անցկացման փորձի վրա: Մուտկոն հայտարարել է, որ այդ առաջարկները կորոշվեն փորձագիտական մակարդակով:
Ավելի վաղ պլանավորվել էր, որ 2018 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում. Մոսկվայում («Լուժնիկի» և «Օտկռիտիե Արենա» մարզադաշտեր), Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Սամառայում, Սոչիում ու Դոնի Ռոստովում: