Տնտեսագիտական համալսարանի ուսանողի սպանության գործով կհարցաքննվի փորձագետը

Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական նիստը: Դատարանում այսօր միջնորդություններով հանես եկավ պաշտպանության կողմը: Պաշտպանական կողմը դատարանին նախ միջնորդեց նշանակել դատամանրաթելային փորձաքննություն՝ պարզելու համար` արդյոք սպանված երիտասարդի հագուստի վրա կա՞ն սպիտակ հագուստներից թողնված մանրաթելեր, եթե՝ այո, ապա դրանք շապիկի ո՞ր մասում են տեղակայված. ըստ պաշտպանական կողմի՝ դեպքի վայրում սպիտակ շապիկով անձ է եղել:

Միջնորդության դեմ առարկեցին գործով մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը: Դատախազն ասաց, որ անհրաժեշտություն չկա նման փորձաքննություն նշանակել դատաքննության ընթացքում՝ հաշվի առնելով, որ գործը դատարանում քննվում է ամբաստանյալ Հայկ Ա.-ի ներկայացրած մեղադրանքով, իսկ այդ հանգամանքն, ըստ դատախազի, ուղղված է ապացուցել այլ հանգամանքներ, որոնք կապ չունեն մեղադրանքի հետ:

Սպանված երիտասարդի հայրն էլ ասաց, որ տեսագրությունից երևում է, որ սպիտակ վերնաշապիկ հագած մի անձ «շատ ակտիվ շփման մեջ է ամբաստանյալի հետ», և եթե դա այդքան կարևոր է, ամբաստանյալը կարող է հնչեցնել այդ անձի անունը, և «փորձաքննության թեմա չի առաջանա»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝  «անհիման լինելու պատճառով» մերժեց միջնորդությունը:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի մյուս միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետին:

Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը սպանվել է 2013թ. ապրիլի 9-ին, Տերյան փողոցում: Նրա սպանության մեջ մեղադրվող Հայկ Ա.-ն անչափահաս է. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փողոցի 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Տեսանյութեր

Լրահոս