Իրանական նավատորմը շուտով կհամալրվի վերջրյա ու ստորջրյա նոր նավերով. Սայարի
Вестник Кавказа-ի փոխանցմամբ` Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական նավատորմը ամենամոտ ժամանակներս կհամալրվի վերջրյա ու ստորջրյա նոր նավերով:
Սայարին մանրամասնել է, որ ազար ամսվա (մեկնարկում է նոյեմբերի 22-ին) առաջին 10 օրվա ընթացքում իրանական ռազմածովային նավատորմը համալրվելու է Fateh (նվաճող) սերիայի նոր սուզանավով, որի ջրատարողությունը կազմելու է ավելի քան 500 տոննա, իսկ երկարությունը` 40 մետր:
Օտարազգի ռազմական փորձագետների կարծիքով` սուզանավը կարող է սուզվել մինչև 200-250 մետր խորության վրա, այն հագեցած է տորպեդներով ու ականներով, սուզանավի ստորջրյա արագությունը հասնում է մինչև 15 հանգույցի: Ընդ որում, սուզանավի նավարկության հեռավորությունը (ընթացքի պաշարը) կարող է հասնել 4000 ծովային մղոնի:
Սայարին հավելել է, որ Իրանը շարունակելու է արտադրել սեփական էսկադրոնային ականակիրներ: Սայարին հիշեցրել է, որ 2010 թվականին իրենք արդեն իսկ Պարսից ծոցում ջուրն են իջեցրել Jamaran անվանումը ստացած առաջին էսկադրոնային ականակիրը:
Սայարին ընդգծել է, որ մոտ ժամանակներս իրանական նավատորմը կհամալրվի Damavand էսկադրոնային ականակրով, որը ներկայումս փորձարկումներ է անցնում: Այդ նավի ջրատարողությունը կազմում է 1420 տոննա, այն կարող է զարգացնել մինչև 30 հանգույց արագություն և հագեցած է ռադիոտեղորոշիչ համակարգերով ու ռադիոէլեկտրոնային պայքար (ռէպ) մղելու միջոցներով: