Իսլանդիայում պատրաստվում են Բարդարբունգա հրաբխի ժայթքմանը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսլանդիայի իշխանությունները հայտարարել են վտանգավորության նարնջագույն (նախավերջին) մակարդակի մասին` կապված Բարդարբունգա հրաբխի հնարավոր ժաթքման հետ: Հրաբուխն ակտիվության նշաններ է սկսել ցույց տալ օգոստոսի 16-ից:
Անցած գիշեր սարքերը ֆիքսել են ստորգետնյա մի շարք ցնցումներ, որոնցից ամենաուժգին ցնցման ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ: Հրաբխի մոտալուտ ժայթքման ռիսկի պատճառովիշխանությունները հարկադրված են եղել կղզու հարավ-արևմուտքում փակել մի շարք ավտոմայրուղիներ:
Զգուշացվել են նաև տեղի ավիաընկերությունները: Դիտարկումների սկսվելուց հետո Բարդարբունգա հրաբուխը պարբերաբար ժայթքել է դարերի ընթացքում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1910 թվականին:
2010 թվականին Իսլանդիայում ժայթքել էր Էյյաֆյադլաեկդյուլ հրաբուխը, ինչը մի քանի օրով կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը Եվրոպայում: Ավիաընկերությունների կրած վնասը գնահատվել էր 1.7 միլիարդ դոլար: