Վենեսուլեայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել
El Pais պարբերականի փոխանցմամբ` Վենեսուելայի կառավարության անդամները կամավոր և ամբողջ կազմով վայր են դրել իրենց լիազորությունները, որպեսզի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հնարավորություն տան` կառավարությունում կատարել անհրաժեշտ վերափոխումներ:
Ընդհանուր առմամբ, հրաժարական է տվել ավելի քան երեք տասնյակ նախարար և մոտ 110 նրանց տեղակալ: Մադուրոն շնորհակալություն է հայտնել բոլոր նախարարներին, իսկ Վենեսուելայի փոխնախագահ Խորխե Արեասը կառավարության հրաժարականը որակել է որպես «հեղափոխականների իրական արարք»:
Նրա խոսքերով, տվյալ որոշումը Մադուրոյին ազատություններ կընձեռի կառավարության բարեփոխումների համար` կապված կոռուպցիայի դեմ պայքարի ու պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացման կամպանիայի հետ:
Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը որակել է որպես «հեղափոխություն հեղափոխության մեջ», որը պետք է վերջ դնի բյուրոկրատիային: Վերջին մեկ տարվա ընթացքում սա կառավարության արդեն երկրորդ վերափոխումն է: Հունվարին Մադուրոն արդեն իսկ պաշտոնանկ էր արել մի շարք նախարարների: Նախագահ Ուգո Չավեսի մահվանից հետո Վենեսուելան լավ օրեր չի ապրում: