Հռոմի պապը խոսել է իր մահվան ժամկետների մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հրապարակավ շոշափել է սեփական մահվան թեման: Նա հայտարարել է, որ կմահանա մի քանի տարի անց:
Պապն այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայից Վատիկան վերադառնալիս` լրագրողների հետ զրույցում: Ֆրանցիսկոսը Հարավային Կորեայում մնացել է 5 օր: Հռոմի պապի այցը Հարավային Կորեա աննախադեպ էր վերջին 25 տարվա համար:
77-ամյա Ֆրանցիսկոսը լրագրողներին հայտարարել է, որ ձգտում է մտածել իր մեղքերի, իր սխալների մասին` հպարտություն չզգալու համար. «Դրա համար ես գիտեմ, որ դա չի տևի երկար: Երկու կամ երեք տարի, և ես կհեռանամ Երկնային հոր տուն»:
Նա հավելել է, որ կարող է թողնել գահը, եթե զգա, որ այլևս չի կարողանում կատարել իր պարտականությունները: Նա խոստովանել է, որ մի շարք խնդիրներ ունի` կապված նյարդերի հետ: Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ վերջին անգամ իր հայրենիք Արգենտինայի սահմաններից դուրս արձակուրդ է գնացել 1975 թվականին: