
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները որոշել են հանդիպել տարեկան երկու անգամ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Նախիջևան քաղաքում` Համազորայի բանակի շտաբում, տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` հանդիպման ժամանակ նախարարները դիտարկել են տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը, քննարկել են անվտանգությանն առնչվող խնդիրներ և ռազմական ոլորտում համագործակցության հարցը:
Քննարկման արդյունքներով որոշվել է նմանատիպ հանդիպումներն անցկացնել կանոնավորապես` կես տարին մեկ անգամ: Հանդիպման ավարտից հետո նախարարները կարճ ճեպազրույց են տվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իրենց կանոնավոր եռակողմ հանդիպումները ըստ հերթականության կանցկացվեն Վրաստանում, Թուրքիայում ու Ադրբեջանում:
Կողմերը պայմանավորվել են երեք երկրների զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ` նրանց մարտունակությունն ու համատեղելիությունը, ռազմական կրթությունը, ռազմատեխնիկական եռակողմ համագործակցության կազմակերպումը բարձրացնելու համար:
Կողմերը եռակողմ հատուկ վարժանքներ կիրականացնեն նավթագազային ենթակառուցվածքների պաշտպանության ուղղությամբ: Կկազմակերպվեն նաև երեք երկրների փորձագետների հանդիպումներ: