Տողի մելիքական ապարանք. ընթանում են արգելոցի պարսպապատման աշխատանքները
2014 թվականի հուլիսի 1-ից ԼՂՀ կառավարության որոշմամբ Հադրութի շրջանի Տող գյուղում գործում է «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը:
Արգելոցի ստեղծման հիմնական նպատակներն են հուշարձանի պատմամշակութային հողերի եւ դրանց հարող տեղանքապատկերների հնարավորինս անաղարտ պահպանումը, Մելիքական ապարանք հնագիտական հուշարձանից հայտնաբերված եւ այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուսումնասիրումը, գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը եւ բնակչության մոտ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի եւևավորումը:
Արգելոցի ստեղծման, ներկա ու հետագա գործունեության մասին karabakh-open.info-ն զրուցել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Միքայել Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, գիտենք, որ այնտեղ պեղումներ են իրականացվել, նախ մի քանի խոսքով անդրադառնանք հնագիտական աշխատանքներին:
-Այո 2009 – 2011 թվականներին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ պեղումներ են իրականացվել մելիք Եգանի ապարանքում: Պեղումների նպատակն էր վեր հանել Ղարաբաղի ուշ միջնադարի քաղաքական առաջնորդներից մեկի` իշխանաց իշխան Մելիք Եգանի ապարանքի սկզբնական տեսքը, այն վերականգնելու եւ հետագայում զբոսաշրջության կենտրոն դարձնելու ակնկալիքով: Իսկ պեղումների քաղաքական նպատակն էր նաեւ պատմական ժառանգության նյութական արժեքներով հիմնավորել Արցախի միասնական անկախ իշխանության ժառանգականության ու հարատեւության օրինաչափությունը:
Պեղումներից հետո, իրականացվում են նաեւ վերականգնման, բարեկարգման ու կոնսերվացման աշխատանքներ, մասնավորապես վերականգնվել է ընդունարանը, մասնակի վերականգնվել է գլխատունը, բարեկարգվել տարածքը, ներկայումս ընթանում են արգելոցի պարսպապատման աշխատանքները:
Ընթացքի մեջ է ընդունարանի ներքին տեսքի վերստեղծման աշխատանքները: Մի խոսքով շինարարական աշխատանքները դեռ ավարտվսած չեն:
-Ինչպիսի՞ գործունեություն է իրականացնելու արգելոցը:
-Նպատակ ունենք հաջողության դեպքում արգելոցի տարածքում թանգարան ունենալ, իսկ արգելոցի գործունեությունը ներկայացվելու է հիմնականում հետեւյալ ուղղություններով՝ գիտաֆոնդային` արխիվային եւ գրադարանային ֆոնդերի ստեղծում, հավաքածուների պահպանում, գիտահետազոտական` թանգարանային հավաքածուների ուսումնասիրություն, ցուցադրանմուշային եւ ցուցահանդեսային ծրագրերի մշակում, զբոսաշրջային եւ այլն:
Արգելոցի ստեղծումը կխթանի եւ ներքին, եւ արտաքին զբոսաշրջությունը: Արգելոցի ստեղծմամբ ունեցանք եւս մի անկյուն, որտեղ եւ հայը, եւ օտարազգին կարող են, ինչպես ասում են, շոշափելի ու առարկայական ձեւով ծանոթանալ մեր պատմության գեղեցիկ ու փառահեղ էջերից եւս մեկին: Համոզված եմ, որ արգելոցն իր ուրույն տեղը կունենա նաեւ Տող գյուղի զարգացման գործում:
Զրուցեց Արմինե Հայրապետյանը
karabakh-open.info