Սիրիայի քիմիական զենքն ամբողջովին ոչնչացվել է ամերիկյան Cape Ray նավի վրա
Lenta.ru-ի փոխանցմամբ` Սիրիայի քիմիական զենքն ամբողջովին ոչնչացվել է Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան Cape Ray նավի վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը շնորհավորել է նավապետին ու նավի անձնակազմին` կապված ծովում ամենավտանգավոր քիմիական նյութերի չեզոքացման աննախադեպ աշխատանքների հետ: Կիրբիի խոսքերով` Հեյգելը հայտարարել է, որ կատարված աշխատանքը կարևոր ներդրում կունենա գլոբալ անվտանգության ապահովման մեջ:
Սիրիական քիմիական զինանոցի ոչնչացմանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով շնորհակալություն է հայտնել Դանիային, Նորվեգիային, Իտալիային, Ֆինլանդիային, Գերմանիային ու Մեծ Բրիտանիային` գործողության մեջ իրենց ներդրումն ունենալու համար. «Եվ մենք գնահատում ենք Ռուսաստանի ու Չինաստանի օգնությունը»: