
ԱՄՆ-ը հրաժարվել է ռազմական տեխնիկա վաճառել Ադրբեջանին

Axar.az-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը հրաժարվել է ռազմական տեխնիկա վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ` որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի նա իրեն վաճառի Աֆղանստանից դուրս բերված Cougar և HMMWV մեծ անցունակություն ունեցող, բազմանշանակ ռազմական տրանսպորտային միջոցները:
Ակնկալվում էր, որ տրանսպորտային այդ միջոցները կներառվեն Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի գույքացուցակում, սակայն ԱՄՆ-ը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել այդ մեքենաները` իր մերժումը բացատրելով միջպետական հակամարտություններում ներքաշված երկրներին զենք վաճառելու վրա պաշտոնական բեռնարգելք դնելով:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Աֆղանստանից դուրս բերվող ռազմական տեխնիկայի մեծ մասը հանվելու է վաճառքի, և որ այդ հարցում նախապատվությունը տրվելու է Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ գործողության մասնակից երկրներին: