Հայաստանը ՌԴ համար տարանցիկ երկիր չի կարող դառնալ. փոխադրող
«Վերջին շրջանում Հայաստանից իրականացվող արտահանումն ու ներկրումը զգալիորեն պակասել է: Թե ինչի հետ է կապված, չգիտենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի քարտուղար Հերբերտ Համբարձումյանը:
Ամեն դեպքում, նրա խոսքով, բեռնափոխադրումների ծավալների կրճատումը պայմանավորված չէ Ռուսաստանի դեմ միջազգային հանրության սահմանած պատժամիջոցներով: Ըստ Համբարձումյանի, ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունը սեզոնայնության արդյունք է, քանի որ նախկինում էլ ամռանը դիտվում էր բեռնափոխադրումների որոշ չափով կրճատում: Ասոցիացիայի քարտուղարը նշեց, որ սեպտեմբերին ավելի հստակ պարզ կլինի, թե իրականում ինչ է կատարվում:
Հարցին՝ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները կարո՞ղ են ազդել բեռնափոխադրումների ծավալների վրա, Հ. Համբարձումյանը պատասխանեց, որ դրա հավանականությունը գրեթե չկա, քանի որ Հայաստանը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, ոչ թե վերաարտահանում է ռուսական ապրանքները: Նա բացառեց, որ Ռուսաստանը կփորձի Հայաստանի միջոցով իր ապրանքներն արտահանել երրորդ երկրներ. «Ո՞ւր կարող է արտահանել Հայաստանը՝ Եվրոպայի հետ կապ չկա, մենք չունենք այդ ճանապարհը, իսկ Թուրքիայի հետ սահմանը փակ է և բեռնատարները չեն անցնում: Իրանն էլ էմբարգոյի տակ է և, չեմ կարծում, թե հնարավոր է ինչ-որ ձևով արտահանել: Մենք Իրանի հետ չենք աշխատում, Իրանով ընդամենը շատ քիչ, չնչին քանակությամբ բեռնափոխադրում ենք իրականացնում դեպի Միջին Ասիա»: