Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի վարչապետ չի կարող դառնալ անգամ ԱԶԿ-ի շարքերը վերադառնալուց հետո

Time Turk-ի փոխանցմամբ` Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը չի կարող զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնն անգամ այն բանից հետո, ինչ նա կվերադառնա ԱԶԿ-ի շարքերը:

Թուրքական օրեսնդրությունը երկրի նախագահին արգելում է ունենալ կուսակցական պատկանելություն, դրա հետ կապված` Գյուլը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետի սպառվելուց հետո վերադառնալու է ԱԶԿ-ի շարքերը, որի հիմնադիրներից է նա:

Շահինը պարզաբանել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է, որ Գյուլն ունենա պատգամավորի կարգավիճակ, ինչը նա չունի:  Նշելով, որ վարչապետն ընտրվում է խորհրդարանի անդամների թվից` Շահինը հավելել է, որ երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա նախքան 12-րդ նախագահի պաշտոնում ընտրված Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:

Շահինը հիշեցրել է, որ ԱԶԿ-ի մեծ համագումարն անցկացվելու է օգոստոսի 27-ին, որում էլ կորոշվի նոր վարչապետի հարցը: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետն սպառվում է օգոստոսի 28-ին: Նույն օրն էլ անցկացվելու է Էրդողանի երդմնակալությունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հայտարարվել էր, թե երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս