Զաքիր Հասանովն ընդունել է Իրակլի Ալասանիային
Axar.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է պաշտոնական այցով երկրում (Նախիջևանում) գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը:
Հանդիպման ժամանակ Հասանովը հայտարարել է, որ վրացական կողմի հետ նման հանդիպումներն ունեն ռազմավարական կարևորություն, միտված են արագորեն զարգացնելու երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը և մնայուն պահել այդ հարաբերությունները:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը և այլ հարցեր: Այսօր Նախիջևանում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն արդեն իսկ ժամանել է Նախիջևան, ուր և մնալու է մինչև օգոստոսի 19-ը: Ի դեպ, այսօր Ադրբեջանում նշում են սահմանապահ զորքերի ստեղծման 95-ամյակը (1919 թվական):