ԱՄՆ-ը 1962 թվականից ավելի քան 100 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Իսրայելին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` ԱՄՆ-ից ամենաշատ ռազմական օգնություն ստացած երկիրն Իսրայելն է: Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական օգնության մատակարարումները մեկնարկել են 1962 թվականին և ներկա դրությամբ արդեն իսկ գերազանցել են 100 միլիարդ դոլարի սահմանագիծը:
Այս մասին հայտնել է իսրայելական Haaretz թերթը, որի հաղորդմամբ` նախորդ տարիներին Իսրայելը տարեկան ԱՄՆ-ից միջին հաշվով ստացել է 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Թերթն ԱՄՆ-ին ներկայացնում է որպես Իսրայելի «ավագ եղբայր, ով շատ է սիրում նրան» և հույս է հայտնում, որ այդ բարեկամությունը կպահպանվի ու կխորացվի նաև ապագայում:
Թերթն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ շաբաթներ առաջ ԱՄՆ սենատը հաստատել է Իսրայելին 225 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելը` կապված «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգն արդիականացնելու հետ: Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը նախկինում էլ «Երկաթե գմբեթի» համար հատկացրել է հարյուրավոր միլիոն դոլարներ: