Դոնբասում վերջին 4 ամսում օրական զոհվում է առնվազն 60 մարդ. ՄԱԿ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի տվյալներով` Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկ ու Լուգանսկ քաղաքներից վերջին 5 օրերին հրետակոծությունների չդադարելու պատճառով փախել է 22.000 մարդ:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչության պատրաստած հաշվետվությունում: Դրանում նշված է, որ Դոնեցկի ու Լուգանսկի հրետակոծությունների շարունակվելու պատճառով վերջին օրերին աճել է վերաբնակների թիվը:
Եթե օգոստոսի 1-8-ին (մեկ շաբաթվա ընթացքում) այդ քաղաքները լքածների թիվը կազմել է 6200 մարդ, ապա վերջին հինգ օրում այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 22.000 մարդ: Շարունակում են աճել հումանիտար կարիքները:
Լուգանսկում մնացած առնվազն 200.000 մարդ ավելի քան 10 օր է, ինչ զրկված է էլեկտրականությունից, խմելու ջրից ու կապից: Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 155.800-ի: Օգոստոսի սկզբին նրանց թիվը կազմում էր 117.000 մարդ:
Երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայից Ռուսաստան անցածների թիվն աճել է 20.000 մարդով` ընդհանուր առմամբ հասնելով մինչև 188.000 մարդու: ՄԱԿ-ի հաշվարկներով` Դոնբասում վերջին 4 ամսում օրական զոհվում է առնվազն 60 մարդ: