Շտայնմայերը հայտարարել է բեռլինյան բանակցություններում ոչ մեծ առաջընթացի մասին
Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ոչ մեծ առաջընթաց է գրանցվել Բեռլինում կայացած բարդ բանակցություններում, որոնցում քննարկվել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման ուղիները:
Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի արտգործնախարարների հինգ ժամ տևած հանդիպումից հետո. «Կարծում եմ, որ մենք մի շարք կետերի շուրջ հասանք ոչ մեծ առաջընթացի: Բանակցությունների արդյունքներն այժմ քննարկվելու են պետությունների ղեկավարների կողմից: Այսօր կորոշվի հետագա բանակցությունների ձևաչափը»:
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հինգ ժամանոց այդ հանդիպումը գերծանր էր, նա հասկացնել է տվել, որ դրա արդյունքներով չի հաջողվել հասնել դրական արդյունքի: