
Մեկնարկել են ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի ամենամյա զորավարժությունները

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան այսօր սկսել են ամենամյա զորավարժությունները: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունները տևելու են երկու շաբաթ, դրանց նպատակը Հյուսիսային Կորեայի դեմ արձագանքելու համատեղ միջոցների մշակումն է:
Զորավարժությունների համար մոբիլիզացվել է մոտ 50.000 հարավկորեացի և 30.000 ամերիկացի զինծառայող, որոնց թվում մոտ 3000-ը ժամանել են ԱՄՆ-ից, իսկ մնացյալը` երկրի արտասահմանյան ռազմաբազաներից:
ԿԺԴՀ-ի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները դիտարկում են որպես միջուկային պատերազմի նախապատրաստություն:
Փհենյանը սպառնացել է հասցնել «անողոք կանխիչ հարված»: Օգոստոսի 14-ին Փհենյանը փորձարկել էր փոքր հեռահարության երեք հրթիռ` դրանք ուղարկելով Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա իրականացվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հարավային Կորեա ժամանելուց կես ժամ առաջ: