ՀԱՄԱՍ-ն Իսրայելին առաջարկել է ընտրել շրջափակման վերացման և երկարատև պատերազմի միջև
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Օսամա Համդանը Թել Ավիվին զգուշացրել է այն մասին, որ եթե նա հաշվի չառնի կազմակերպության առաջ քաշած պայմանները, ապա իսրայելցիներին սպասվում են տևական ռազմական գործողություններ:
Համդանը Facebook-ի իր էջում գրել է, որ Իսրայելը պետք է ընդունի պաղեստինյան ժողովրդի պահանջները կամ էլ պատրաստվի տևական պատերազմի: Սրանից առաջ էլ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիան Պաղեստինի ու Իսրայելի միջև հակամարտությանը վերջ դնելու համար առաջ էր քաշել երկու պայման:
Խոսքը գնում է Գազայի հատվածի տնտեսական շրջափակման վերացման, ինչպես նաև տարածաշրջանի 1.8 միլիոն բնակիչների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները վերացնելու մասին:
Օգոստոսի 13-ի երեկոյան Իսրայելն ու պաղեստինցիները Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են հերթական հրադադարի մասին: Այս անգամ այն կնքվել է 5 օրով: Չնայած դրան` կողմերին չի հաջողվել հասնել բանակցությունների գլխավոր նպատակին` երկարաժամկետ խաղաղության համաձայնագրին:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Կահիրեում չեն մասնակցում բանակցային գործընթացին, քանի որ Իսրայելը նրան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Իսրայելը Գազայի հատվածի դեմ ռազմական գործողություններ է սկսել հուլիսի 7-ին: