Շառլ Ազնավուրի վերջին հայտարարության համար հայտնի լրագրողը նրան «զառամյալ» է անվանել

Աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրն այս շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ, որը օգոստոսի 13-ին հրապարակել է ֆրանսիական Le Figaro օրաթերթը: Մտահոգվելով Միջին Արևելքում ազգային փոքրամասնությունների և քրիստոնյանների շրջանում տեղի ունեցող իրադարձություններով՝ երգիչը Ֆրանսիայի կառավարությանն ու երկրի հարկատուներին կոչ է արել՝ միջոցներ ձեռնարկել և Միջին Արևելքի իրենց բնակավայրերից տեղահանված ազգային փոքրամասնություններին բնակեցնել Ֆրանսիայի հարավում:

Երգիչը նշել է, որ Ֆրանսիայի հարավում տասնյակ լքված գյուղեր կան, որոնց գոյության մասին ինքը շատ վաղուց գիտի, դեռևս երկրի հարավում ունեցած իր առաջին հյուրախաղերի ժամանակվանից: Շառլ Ազնավուրը հիշեցրել է, որ այդ գյուղերում կան ապրելու բոլոր պայմանները՝ դպրոցներ, փոստ, եկեղեցիներ, և Իրաքից ու այլ երկրներից տեղահանված հազարավոր մարդկանց այդ գյուղերում բնակեցնելով, հնարավոր է շենացնել Ֆրանսիայի հարավը, քանի որ, ըստ երգչի, տեղահանված ժողովուրդները՝ եզդիները և մյուս փոքրամասնությունները պապերից փոխանցված արհեստներ ունեն և լավ արհեստավորներ են՝ հացթուխներ, որմնադիրներ, ֆերմերներ, բժիշկներ, գյուղատնտեսներ, որոնց մասնագիտությունները գովասանքի են արժանի:

Մեկնաբանելով Ազնավուրի այս հայտարարությունը՝ արաբ հայտնի լրագրող, LBC միջազգային հեռուստաընկերության «դեմք» հանդիսացող Մարսել Ղանեմը իր հեղինակային հաղորդման ժամանակ «զառամյալ» է անվանել հայտնի երգչին՝ նշելով, թե լավ կլիներ, որ երգիչը կոչ աներ՝ դադարեցնելու միջինարևելյան արյունահեղությունը՝ որպեսզի բնիկները կառչած մնան՝ իրենց հողերին և Միջին Արևելքը չդատարկվի քրիստոնյաներից ու ազգային փոքրամասնություններից:

Ղանեմի հայտարարությունը, որ նա արել է արաբական աշխարհի ամենահայտնի քաղաքական թոք-շոուի՝ 1995-ից ի վեր շաբաթը մեկ անգամ հեռարձակվող «Մարդկանց խոսքերը» հեղինակային հաղորդման ժամանակ՝ (օգոստոսի 14-ին) երկու հակադիր մեկնաբանություններ է ունեցել: Միջին Արևելքում ապրող հայերի և մեծ երգչի արվեստի սիրահարների մոտ սիրելի երգչին «զառամյալ» անվանելը զայրութ է առաջացրել, իսկ մյուս խումբն էլ պաշտպանել է Ղանեմի տեսակետը, այն, որ արվեստի ու քաղաքականության նշանավոր մարդիկ այս օրերին իրենց ձայնը պիտի բարձրացնեն Միջին Արևելքում իրականացվող մարդկային սպանդի դեմ՝ որպեսզի բնիկները չլքեն իրենց հողերը:

Երկու հակադիր մեկնաբանություն է ունեցել նաև Շառլ Ազնավուրի հայտարարությունը. շատերը նշել են, որ երգիչը պետք չէ այլևս քաղաքական հայտարարություններ անի, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերի և օրաթերթի ընթերցողների մի հսկայական բանակ էլ ողջունել է Շառլ Ազնավուրի առաջարկը՝ նշելով, որ այս պահին ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող սպանդի լավագույն ելքը կարող է լինել նշված առաջարկը:

Շառլ Ազնավուրը նաև նշել է, որ պատրաստ է անձամբ աջակցել Ֆրանսիայի հարավում փախստականների տեղաբաշխման գործին, ինչպես նաև այն միջոցների հայթայթմանը, որոնք անհրաժեշտ կլինեն նրանց նոր կյանք սկսելու համար. «Այս քայլի իրագործումը կլինի այն, ինչ մենք կոչում ենք մարդասիրական օգնություն»,- ասել է Շառլ Ազնավուրը, ավելացնելով, որ իր առաջարկը մարդասիրական է և ոչ՝ քաղաքական:

Շառլ Ազնավուրի առաջարկը Եվրոպայում բնորոշվել է իբրև մի մարդու հայտարարություն, որը տեղահանված ընտանիք է ունեցել և շատ լավ է պատկերացնում վտարանդի ժողովուրդներին կացարանով և ապրուստի միջոցով ապահովելու անհրաժեշտությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս