Բաժիններ՝

Հայաստանի թիմը մասնակցում է տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` մերձմոսկովյան Ալաբինոյում մեկնարկել է «տանկային բիաթլոնի» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը: Դրան մասնակցում է միայն 4 երկիր. Ռուսաստանը` 294 միավոր, Ղազախստանը` 226 միավոր, Չինաստանը` 220 միավոր և Հայաստանը` 213 միավոր:

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինս մանրամասնել է, որ եզրափակիչ փուլին մասնակցող թիմերից յուրաքանչյուրի երեքական անձնակազմ մեկ տանկով (անձնակազմի փոխարինմամբ) անցնելու են 4 կիլոմետրանոց երեք շրջաններ: Մեկնարկը տրվելու է միաժամանակ:

Առաջին փուլը տանկերի անձնակազմն անցնելու են առանց կրակոցի, երկրորդ փուլում նրանք 7.62 միլիմետրանոց գնդացիրներով կրակ են բացելու ձեռքի հակատանկային նռնականետերով թիրախների վրա, որոնք գտնվելու են 800 մետր հեռավորության վրա: Վրիպելու դեպքում տանկի անձնակազմը հարկադրված կլինի կատարել տուգանային 500 մետրանոց շրջան:

Երրորդ փուլում էլ տանկավարները իրենց հրանոթներից կրակելու են երեք թիրախի` ընթացքի մեջ գտնվող տանկերի վրա, որոնք գտնվելու են մինչև 1600, 1700, 1800 մետր հեռավորության վրա: Այստեղ նույնպես վրիպելն արժենում է հավելյալ 500 մետրանոց շրջանի կատարում:

Աշխարհի առաջին տանկային բիաթլոնի առաջնությանը մասնակցում է 12 երկիր` Հայաստան, Անգոլա, Բելառուս, Հնդկաստան, Վենեսուելա, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա:

Այս երկրներից այժմ միայն վերոնշյալ չորսն են մասնակցում եզրափակիչ փուլին: Ավելի քան 20 երկիր էլ մրցաշարին հետևելու համար ուղարկել են իրենց դիտորդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս