Չակ Հեյգելն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Ռուսաստանից Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմանբ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են երկու գերատեսչությունների շփումների շուրջ` կապված փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի հետ:
Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հանդիպումների հետևանքները և պայմանավորվել պահպանել միմյանց հետ շփումները:
Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Հեյգելը խնդրել է պարզություն մտցնել Ռուսաստանից Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության հարցում:
Շոյգուն իր հերթին վստահեցրել է, որ Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը չի պարունակում ռազմական անձնակազմ և չի օգտագործվում որպես Ուկրաինայում ռազմական միջամտության միջոց: Շոյգուի խոսքերով` օգնությունն ուղարկվել է և բաժանվելու է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: