Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորումն ահաբեկչություններ է պլանավորում ԱՄՆ-ում ու Եվրոպայում. ամերիկյան հետախուզություն

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրաքի ու Սիրիայի տարածքներում լայն գործունեություն ծավալած «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը և այժմ փորձում են իրենց գործողությունները տարածել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև` ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեմ:

Այս մասին երեկ հայտնել են ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ, որոնք բոլորն էլ տվյալ հարցում վկայակոչում են ամերիկյան հատուկ ծառայություններին: Վերջիններիս տվյալներով` ծայրահեղականները ձգտում են իրենց «մասնաճյուղերը» հիմնել Եվրոպայում` առաջին հերթին օգտվելով նրանից, որ իրենց հաջողվել է Սիրիայի ու Իրաքի կառավարությունների ուժերի դեմ պայքարում Եվրոպայից ներգրավել հազարավոր քաղաքացիների:

Բացի այդ, հուլիսին Իրաքում երկու խոշոր ռազմաբազա զավթած «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն իրենց տրամադրության տակ ունեն մեծ քանակությամբ ամենատարբեր զենք ու ռազմական տեխնիկա` ներառյալ շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, տանկեր, զրահատրանսպորտներ, հաուբիցներ:

Հունիսին գրավելով Մոսուլը` նրանք նաև հնարավորություն ստացան կուտակել դրամական խոշոր միջոցներ` ի հաշիվ տարածաշրջանում արդյունահանվող նավթի վաճառքի:

Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հայտնել են, որ իրենք վերանայում են «Իսլամական պետություն» զինյալների թվակազմի մասին իրենց տվյալները: ԱՄՆ-ի իրավասու մարմինները կարծում են, որ ներկա դրությամբ խմբավորման շարքերում գտնվում է մոտ 10.000 զինյալ:

Ամերիկյան հատուկ ծառայությունները նկատել են իսլամական խմբավորման արտաքին հավակնությունների ընդլայնում: Նրանք ընդգծել են, որ խմբավորման հնարավորությունների աճի հետ մեկտեղ նկատվում է կազմակերպության շարքերի համալրում` հազարավոր օտար ծայրահեղականների հաշվին:

Նրանց մի մասը վերադառնում է հայրենիք` ձևավորելու համար «մասնաճյուղեր», որոնք անհրաժեշտ են տվյալ երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից մեկի խոսքերով, «Իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս հանդիսանում է գոյություն ունեցող ահաբեկչական խմբավորումներից ամենահզոր ռազմական ուժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս